Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Կարեն Մ.-ն իր վարած ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել դատարկ ջրատարի մեջ, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Կարեն Մ.-ն տեղում մահացել է, իսկ մեքենայում գտնվող նրա կինն ու 2 անչափահաս երեխաները բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տեղում քննիչները պարզել են, որ մահացածը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող ու դեպքի վայր է ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Կայքը նաև հայտնում է, որ կամրջի այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, բացակայում են երկաթբետոնե արգելապատնեշները։