ՊԵԿ-ը շրջանառության է դրել օրենքի նախագիծ, ըստ որի՝ հարկային մարմինների համար նախատեսվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվության անմիջական և ամբողջական հասանելիություն։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Նա նաեւ նշել է. «Կեղծ փաթեթավորումը նույն պոպուլիստականն է՝ «պայքարում են ստվերի դեմ»։

Իրականում՝ ամբողջականացվում են հարկային տեռորի գործիքները։ Հիմա էլ բանկային գաղտնիքի պաշտպանության ինստիտուտն են վերացնում՝ հարկային մարմիններին վերապահելով նաև դատարանի գործառույթները։ Բանկային գաղտնիքի պաշտպանության ռիսկերը դառնում են անչափելի և անկառավարելի՝ դրանից բխող բացասական բոլոր հետևանքներով։

Այո՛, սա միջազգային պրակտիկայում չտեսնված բան է։ ԱՆՆԱԽԱԴԵՊ է, իհարկե, բացասական առումով։

Այս փոփոխությունը շատ արագ հանգեցնելու է Հայաստանի բանկային համակարգից կապիտալի փախուստի։

Փաստորեն, ցանկացած քաղաքացու, այդ թվում՝ մասնավոր կազմակերպությունների աշխատողներ, տնտեսական գործունեություն իրականացնող անձանց բարեկամներ, ազգականներ և այլն, բանկային հաշիվների մասին ողջ տեղեկատվությունը հարկային տեսուչը կարող է տիրապետել հենց, որ նրա սիրտն ուզենա՝ առանց դատարանի որոշման։

Այսպիսով նաև՝ օրվա իշխանությունները Կենտրոնական բանկին «չաղացնում են, որ հետո՝ մորթեն»։

Շատ դժվար է լինելու հատկապես օտարերկրյա ներդրողներին և ֆինանսական կազմակերպություններին բացատրելը, որ այս գործիքն ունի բարի նպատակ, սակայն Կենտրոնական բանկը, թերևս՝ ստիպված, լռում է։