Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պարզվում է, որ հայկական իրավապահ և հաշտարարական համակարգի տրամաբանության (գուցե նաև օրենսդրության) համաձայն, եթե ապացուցված է, որ որևէ ճանապարհատրանսպորտային պատահարի երեք մասնակիցներից մեղավոր է կոնկրետ մեկը, բայց նա նույնականացված չէ, ապա ավտոմատ կերպով մեղավոր է ճանաչվում մյուս երկուսից մեկնումեկը, թեև քաջ հայտնի է, որ նա մեղավոր չէ։
 
Ահա այս աբսուրդի հետ եմ առերեսվում։ Հունիսի 2-ին Դիմատետրում կատարված գրառում-դիմումիս մեջ տեղեկացրել էի, որ 2021 թ. նոյեմբերի 25-ին իմ մեքենան Մաշտոցի պողոտայում ենթարկվել է վթարի ոստիկանական մեքենայի հանկարծակի հանդիպակաց շարք դուրս գալու և իմ դեմ սլանալու պատճառով։ Ծանր հետևանքներով պատահարից հաջողվել է խուսափել միայն իմ անմիջապես դեպի աջ վերադասավորվելու շնորհիվ։ Սակայն հետագայում այդ ոստիկանական մեքենայի գոյությունն իսկ անտեսվել է և՛ ոստիկանության կազմած արձանագրությունում (բացառությամբ տեղում իմ տված գրավոր ցուցմունքի), այնպես էլ իմ շահերն իբր պաշտպանելու կոչված «Ռոսգոստրախ-Արմենիա»-յի ԱՊՊԱ-յի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid05SPmirQ3uh6Z54TLtz5QrDFUibgg94EsDZn9HaDrES6XsQitLvMdJbbgaEzpqdLol&id=100015837611475)։ Այսինքն՝ հաշվի չի առնվել, որ պատահարին մասնակից են եղել ոչ թե երկու, այլ երեք ավտոմեքենա։
 
Այդուամենայնիվ, իմ հերթական խիստ առարկությունից (25.05.2022) հետո Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը նշանակել է նոր փորձաքննություն, որի արդյունքներն առաջին անգամ հիմնվել են իմ պահանջած տեսանյութերի վրա, որոնցից էլ պարզ հետևում է, ըստ օրերս նույն գրասենյակից ստացված գրության, որ «խնդրո առարկա պատահարին մասնակցություն են ունեցել ոչ թե 2, այլ 3 տրանսպորտային միջոց. 3-րդ տրանսպորտային միջոցը արտաքուստ նման է Պարեկային ծառայության՝ «SKODA» մակնիշի հատուկ կահավորված տրանսպորտային միջոցին»։
 
Ըստ նույն եզրակացության,
««SKODA» մակնիշի անհայտ հ/հ ոստիկանական ավտոմոբիլի վարորդը, կապույտ և կարմիր առկայծող փարոսիկները միացված լինելու և հատուկ ձայնային ազդանշանը միացված չլինելու պարագաներում կենտրոնական բաժանարար զույգ հոծ գծանշումը հատելիս և հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս մուտք գործելիս նախապես չհամոզվելով, որ ապահովված է երթևեկության անվտանգությունը, թույլ է տվել ՃԵԿ-ի 26-րդ կետի պահանջներին հակասող գործողություն, դրանով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը»։
Վերջապես կատարվում է արդար եզրակացություն. «ՊԱՏԱՀԱՐԻ առաջացման մեջ մեղավոր է անհայտ (այն է՝ ոստիկանական պարեկային- Ա.Ա.) ավտոմեքենայի վարորդը»։
 
Թվում է, թե արդարությունը վերջապես հաղթեց։ Բայց այդպես չէ։ Այս ամենին հետևում է վերը նշված դիպվածային անհեթեթությունը։ Հաշտարարը 21.06.2022 թ.-ին երկու առանձին գրություններով դիմել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանին և ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ Եգոր Կարապետյանին՝ «խնդրելով հայտնել 25.11.2021թ.-ին՝ ժամը 21:50-ին, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած պատահարին մասնակից «SKODA» մակնիշի ավտոմեքենայի համարանիշը, ինչպես նաև տեղեկատվություն առ այն, թե «SKODA» մակնիշի ոստիկանական ծառայության մեքենաները որ ապահովագրական ընկերությունում են ապահովագրված»։
Սակայն Հաշտարարի այս հարցմանը պատասխաններ չեն ստացվել։
 
Եվ կայացվում է հանճարեղ որոշում՝ քանի որ պատահարի (Հաշտարարի նշանակած վերջնական եզրակացության համաձայն) մեղավոր ոստիկանական ավտոմեքենան նույնականացված չէ, ապա մեղավոր դարձյալ ճանաչվում եմ ես։
 
Ինչ է սա, եթե ոչ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԲՍՈՒՐԴ ԵՎ ՆՈՆՍԵՆՍ։
 
Պատկերացնենք արդարադատության տեսակետից նույնանման մի իրավիճակ։ Սպանության մեջ կասկածվում են երեք անձ։
Տեսանյութերը հստակ արձանագրում են, որ հանցագործությունը կատարել է նրանցից մեկը, ով դեռևս նույնականացված չէ, այլ կերպ ասած՝ նրա ով լինելը դեռևս ճշտված չէ։
 
Եվ ի՞նչ պետք է անեն այդ դեպքում իրավապահները։ Ըստ վերը ներկայացված տրամաբանության՝ նրանք պետք է մարդասպան հայտարարեն մյուս երկու կասկածյալներից մեկին, թեև տեսանյութերով ապացուցվում է, որ նա մեղավոր չէ և հանցագործությունը կատարել է երրորդ չնույնականացված անձը։
 
Ահա այսպիսի հետաքրքիր իրավիճակ է՝ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՃԱՆՔ։ Եթե ընկերներիս մեջ կան փաստաբաններ, ովքեր ցանկություն կհայտնեն դատարանում ստանձնել այս գործի շարունակությունը, կուզենայի լսել նրանց կարծիքը՝ կամ այս գրառման մեկնաբանություններում կամ անձնական փոստով»,-գրել է նա։
 
 

Հ.Գ.

ՀԱՐՑ 1. Ինչու՞ «Ռոսգոստրախ-Արմենիա»-յի ԱՊՊԱ-ն մատը մատին չի խփում, որպեսզի պաշտպանի իր հաճախորդի շահերն այն դեպքում, երբ տեսանյութերով արդեն ապացուցվել է նրա անմեղությունը։

 
 

 

ՀԱՐՑ 2. Ինչպե՞ս է հնարավոր, որ նկարահանող սարքերը չեն տեսնում պարեկային ավտոմեքենայի տարբեր կողմերում մեծ թվանշաններով նկարված համարները, իսկ սովորական մեքենաների փոքր համարները շատ լավ էլ տեսնում են։

ՀԱՐՑ 3. Ինչու՞ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը և ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ Եգոր Կարապետյանը չեն պատասխանում Հաշտարարի գրասենյակի հարցումներին։ Ինչու՞ նրանք չեն փորձում շտկել իրենց ենթակա ոստիկանների պատճառով տեղի ունեցած պատահարի հետևանքները և պաշտպանել օրինականությունն ու արդարությունը։