Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, թուրքական պետական «TRT» լրատվամիջոցին տված հարցազրույցում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ընդգծել է, որ Ադրբեջանն ի սկզբանե Թուրքիայի համար եղել է կարմիր գիծ, և որ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո նոր Անկարան կբացի սահմանները։ Իհարկե, նման հայտարարությունները նորություն չեն, սակայն չեն կարող տեղավորվել ՀՀ կողմից առաջ տարվող «խաղաղության դարաշրջան», «առանց նախապայմանների հարաբերություններ» հասկացությունների ներքո: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում՝ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նշեց, որ պետք է Էրդողանին շնորհակալություն հայտնել անկեղծության համար, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը երբեք իրենց նպատակները չեն թաքցրել:

«Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան իրենց պետության քաղաքականության հրապարակայնություն: Պարզ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը սերտորեն փոխգործակցում են, ավելին՝ Թուրքիան և Ադրբեջանը դարձել են աշխահաքաղաքական ու ռազմաքաղաքական մեկ ընդհանուր միավոր և հանդես են գալիս միասնական՝ բոլոր ճակատներում: Եվ այն թեզը, որ նրանք հնչեցրել են դեռևս Հեյդար Ալիևի ժամանակ՝ «Երկու պետություն՝ մեկ ազգ», հիմա կամաց-կամաց դառնում է «Մՙեկ պետություն՝ մեկ ազգ», որը նոր թափ և արագություն է ստացել 2020թ. պատերազմից հետո»,-նշեց նա:

Ակներև է, որ առանց նախապայմանների հարաբերությունները ռոմանտիկ գաղափարների շարքից են:

«Թուրքիան և Ադրբեջանը նախապայմաններ դնում են, ու սա նոր բան չէ, իսկ հայկական կողմը, ի դեպ, երբեք նախապայման չի դրել: Իհարկե, հարևանների հետ հարաբերությունները զարգացնել պետք է, բայց ամբողջ խնդիրը մեկ հարցի մեջ է՝ ինչ գնով, ինչ պայմաններում: Առանց նախապայմանների հարաբերությունները նորմալ են չեզոք երկրների դեպքում, բայց Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում այդպես չէ, որովհետև նրանք ունեն աշխարհաքաղաքական օրակարգ, որն առաջ են տանում: Դա միասնական պետության ստեղծումն է, նրանք պանթուրքիստական գաղափարախոսությունից երբեք չեն հրաժարվել, Էրդողանն ամբողջ աշխարհին ցույց է տալիս այդ քարտեզը: Հետևաբար՝ եթե նույնիսկ մենք դժվար վիճակում ենք, իսկ մենք պատմական շատ դժվար վիճակում ենք, պետք է սկզբունքային մոտենանք հարցերին: Նրանց նախապայմանը ոչ թե ինչ-որ տեխնիկական հարց է, այլ Արցախից հրաժարվելը: Սկզբունքայնությունը երբեք չի կարող անտեսվել: Մենք պետք է ասենք, որ մեզ համար նախապայմաններն անընդունելի են»,-եզրափակեց Բաբայանը: