Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, այսօր պատասխանելով Հաշվեքննիչ պալատի հայտնաբերած խախտումներին, մեղմ ակնարկ է արել կամ այսպես ասած' «բոչկա է գլորել» իր թիմակից էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի վրա: Հիշեցնենք, որ Հաշվեքննիչ պալատը Քովիդի ընթացքում պետական բյուջեի գումարների վատնման, չարաշահման աղաղակող դրվագներ էր վեր հանել և պարզից էլ պարզ է, որ այս դեպքում պատասխանատու գերատեսչություն է հանդիսանում առողջապահության նախարարությունը:

Սակայն, իր այսօրվա ասուլիսում Անահիտ Ավանեսյանը ակնարկեց, որ հարցադրումներ առաջացրած ծրագրերը իրականացվել են էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ: Սա բավական քողարկված փորձ է մեղավորության սլաքները ուղղել Վահան Քերոբյանի կողմը: Անշուշտ, Ավանեսյանը ճիշտ է, ծրագրերը համատեղ են իրականացվել և չի բացառվում, որ առավել խորքային ուսումնասիրության դեպքում էկոնոմիկայի նախարարության բացթողումն էլ վերհանվի, սակայն ուշագրավն այն է, որ «բոչկա գլորողը» այս դեպքում ոչ թե իրավապատշաններն են, կամ դիցուք՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, ով ամեն դեպքում ՔՊ-ական չէ և յուրային չէ, այլ հենց յուրային Անահիտ Ավանեսյանը:

Ըստ էության, ՔՊ-ականների մոտ այնքան մեծ է պատասխանատվությունից խույս տալու, միակ մեղավորն ու պատասխանատուն չհռչակվելու ցանկությունը, որ նրանք այլևս չեն խորշում միամյանց դեմ «բոչկա գլորելուց» անգամ...