Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ Մոսկվայում։ Ձևավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ»,– ասված է փոխվարչապետի գրասենյակի գրավոր պատասխանում։

Հանդիպման հստակ օրվա վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն դեռ չկա:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հերթական հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները։ Հայկական կողմն ավելի ուշ հաստատել էր տեղեկությունը' առանց հստակ ժամկետ նշելու։
Հիշեցնենք՝ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Համաձայն որոշման' հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։
Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։
Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում։