Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախանշված Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից «հեղափոխական որոշումների» սպասելիք չունեմ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանը։

«Առաջիկա հանդիպումը հերթական աշխատանքային հանդիպումն է, որի շրջանակում քննարկվելու են նախորդ հանդիպումների արդյունքները, դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը և այլ բնույթի հարցեր»,-ասաց իշխանական պատգամավորը։

Նրա խոսքով, կարևոր է շարունակել ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ։

«Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ դժվար է, չափազանց բարդ է, բայց պետք է հարևանների հետ հարաբերությունները լուծել խաղաղ ճանապարհով, փոխըմբռնման մթնոլորտում»,- ընդգծեց Խաչատրյանը։

Հարցին, թե ի՞նչ օրակարգ ունեն իշխանությունները, իշխող ՔՊ-ն քաղաքական աշնանն ընդառաջ, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ պատրաստվում են ԱԺ աշնանային նստաշրջանին, նախատեսում են տարաբնույթ քննարկումներ։

Ինչ վերաբերում է առաջիկա ՏԻՄ ընտրություններին, որոնք, ըստ էության, իշխանությունների առաջնահերթություններից են, պատգամավորը խորհուրդ տվեց այդ հարցով դիմել ՔՊ կուսակցության գործընկերներին՝ պատճառաբանելով, որ ինքը կուսակցական հարցերով չի զբաղվում։

Արա Ալոյան