Արցախյան 44-օրյա պատերազմից շուրջ 2 տարի անց, Հայաստանն ու Ադրբեջանը, ի թիվս այլ պետությունների, սեպտեմբերի 1-7-ը Ռուսաստանում մասնակցելու են «Արևելք 2022» միջազգային զորավարժություններին։ Որքանո՞վ է նպատակահարմար միմյանց հետ լրջագույն խնդիրներ ունեցող երկու երկրներին ներգրավվել ռազմական միևնույն միջոցառման մեջ, և արդյո՞ք սա չի նշանակում Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման քաղաքական և ռազմական կոմպոնենտների համադրում՝ Մոսկվայի անմիջական նախաձեռնությամբ։

«Սա քաղաքական ենթատեքստ ունեցող քայլ է և ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի սերտացմանը։ Փաստորեն, զորավարժությունների շրջանակում փորձ է արվում կոնկրետ Հայաստանի և Ադրբեջանի դեպքում՝ հակառակորդ երկրներին դարձնել համագործակցող կողմեր»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ ներկայացրեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք ռիսկեր չկան «Արևելք 2022»-ին մասնակցելու առումով, նկատի առնելով ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության փաստը, Ադրբեջանի հետ կապված այլ ցավալի հիշողությունները, մեր զրուցակիցն ասաց․

«Եթե ապրենք վատ հիշողություններով՝ Ադրբեջանի հետ չպետք է հարաբերվենք, քանի դեռ Բաքվի գործողություններն աշխարհի կողմից չեն արժանացել հավուր պատշաճի գնահատականի։ Կարող ենք հիշել նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում արցախցի ծերունիների նկատմամբ բռնություններն ու սպանությունները ադրբեջանցի զինվորների կողմից և այլն։ Այդ ամենը, ցավոք, հաշվի չի առնվել ու իրավական գնահատական չի ստացել ՌԴ-ի և Բրյուսելի միջնորդությամբ տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումներում»։

Կարեն Հովհաննիսյանն աննախադեպ համարեց փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը միևնույն վայրում միևնույն միջոցառմանն են մասնակցում, քանի որ նախկինում Ադրբեջանը, որպես կանոն, նման զորավարժությունների ներգրավվել է Թուրքիայի, Պակիստանի, երբեմն էլ՝ Վրաստանի համատեղ դաշնակցությամբ։

Արա Ալոյան