Արցախյան վերջին պատերազմից հետո հազարավոր արցախցիներ, այդ թվում՝ բռնի տեղահանվածներ, ստիպված են հարմարվել ճակատագրի նոր իրողություններին ու պայմաններին։ Նրանցից շատերը տեղափոխվել և բնակություն են հաստատել Հայաստանում։

Ի թիվս այլ խնդիրների, արցախահայությունն ունի նաև կրթության պահանջ և իրավունք․ որքանո՞վ է պետությունը, ՀՀ և Արցախի իշխանություններն աջակցում Հայաստանում բնակվող արցախցի դիմորդներին և ուսանողներին։

«ՀՀ կառավարության որոշմամբ, վերջին տարիներին Հայաստանում ապրող արցախցի դիմորդների համար ԲՈՒՀ-երում տրամադրվում է նպատակային 60 տեղ, որոնք որպես կանոն համալրվում են»։

Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։

Պաշտոնյայի խոսքով, վերջին երեք տարիներին այդ թիվն անփոփոխ է և բոլոր հատկացված տեղերը համալրվում են։ Հարցին, թե ընդհանուր հիմունքներով նախորդ տարի և 2022 թվականին քանի՞ արցախցի երիտասարդ է դիմել ԲՈՒՀ-եր ընդունվելու համար, ԿԳՄՍՆ ներկայացուցիչը դժվարացավ հստակ վիճակագրություն նշել, քանի որ, ըստ նրա, նման ուսումնասիրություն արված չէ։

«Արցախցի ուսանողներին նաև այլ արտոնություններ են տրվում․ օրինակ Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում ուսանող՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների ուսման վարձավճարները, ԱՀ կառավարության որոշմամբ, կփոխհատուցվեն 50%-ի չափով» ,- նշեց Լուսինե Գրիգորյանը և հավելեց, որ այդ փոխհատուցման գումարը փոխանցվում է ուղիղ ԲՈՒՀ-երին։

Հավելենք, որ ծրագրից օգտվելու նպատակով անհրաժեշտ է Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի Հադրութի, Քաշաթաղի, Քարվաճառի և Շուշիի գրասենյակներ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

անձնագրի պատճեն,
տեղեկանք ուսման վարձի չափի մասին՝ ըստ կիսամյակների,
տեղեկանք քննաշրջանի արդյունքների մասին (քննաշրջանի ավարտից հետո):

Արա Ալոյան