Դեռևս անցյալ տարի նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, թե ԱՄՆ-ին անհրաժեշտ է կենտրոնանալ նոր մարտահրավերների վրա, այդ թվում'Ռուսաստանի և Չինաստանի հետ կապված: Այսօր Սպիտակ տան ղեկավարի արտահայտությունը միսուարյուն է ստացել հատկապես Ուկրաինայի պարագայում, որտեղ պատերազմի հիմնական մոդերատոր և կուրատոր է համարվում Վաշինգտոնը։

Զուգահեռաբար, Միացյալ նահանգները աշխուժանալու փորձեր է անում նաև թայվանական նեղուցում, Հարավային Կովկասում և այլն։ Այս փուլում ո՞րն է ԱՄՆ-ի ակտիվության հայտը մեր տարածաշրջանում և ի՞նչ կարող է տալ դա հայկական կողմին։

«Միացյալ Նահանգների հիմնական խնդիրը Հարավային Կովկասում եթե ոչ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելն է, ապա բալանսավորումն է։ Սա ԱՄՆ-ի թիվ մեկ առաջնահերթությունն է և այս ուղղությամբ Վաշինգտոնը շատ ակտիվ աշխատում է»-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Նրա խոսքով, այս ուղղությամբ կա հստակ ռազմավարություն և արվում են կոնկրետ քաղաքական քայլեր։

«Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանը ԱՄՆ-ի համար հետաքրքիր է, որովհետև մեր ռեգիոնի հարևաններից՝ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է, ՆԱՏՕ-ի անդամ, որը դաշինքում հավանաբար 2-րդ հզորագույն բանակն ունի»,-նկատեց մեր զրուցակիցը։

Սարգսյանը մատնանշեց նաև տարածաշրջանային հարևաններից Իրանի գործոնը, որն, ըստ միջազգայնագետի, ԱՄՆ-ի թիվ մեկ ախոյանն է։

«Հաջորդ կարևոր գործոնը Ռուսաստանն է, որը ԱՄՆ-ի հիմնական թիրախն ու թշնամին է։ Այսինքն Վաշինգտոնի ակտիվությունը մեր ռեգիոնում տրամաբանական է։ Ի դեպ, Միացյալ Նահանգների հարաբերությունները մեր տարածաշրջանում կրում են ոչ թե երկկողմանի, ասենք՝ ԱՄՆ-Հայաստան, ԱՄՆ-Ադրբեջան, ԱՄՆ-Վրաստան, այլ ռեգիոնալ բնույթ»,-ընդգծեց նա։

Արա Ալոյան