Ադրբեջանի վերջին ռազմական սադրանքի հետևանքով երկուստեք զոհեր և վիրավորներ կան։ Հայկական կողմը այս պահի դրությամբ ունի 49 զոհ, այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Միջազգային հանրությունը խստորեն դատապարտել է Բաքվի հերթական ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք։ Հայաստանն իր հերթին դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի ԱԽ-ին։ Պատերազմի ուղիղ պայմաններում ապրող Ուկրաինան ևս, ըստ էության, հանդես է գալիս խաղաղության ու հրադադարի հաստատման օգտին։

«Քանի որ Ուկրաինան այս պահին պատերազմի մեջ է, ապա մենք, անկասկած, կողմ ենք ցանկացած երկրների միջև ցանկացած հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին ասաց «Համաշխարհային քաղաքականության ինստիտուտ»-ի գործադիր տնօրեն, Ուկրաինայի ՊՆ հանրային խորհրդի նախկին անդամ Եվգենի Մագդան (Կիև, Ուկրաինա):

Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն արդեն շարունակվում է 3 տասնամյակ և շոշափելի համաձայնության գալը բավականին բարդ է։

«Կարծում եմ, Ադրբեջանը զգաց, որ ՀԱՊԿ-ն չի կարող օգնել Հայաստանին։ Այդուհանդերձ, Բաքվի ռազմական ռեսուրսը անսահման չէ։ Մենք շարունակում ենք հետևել Հարավային Կովկասում՝ հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող էսկալացիային»,-նշեց մեր զրուցակիցը։

Նրա համոզմամբ, Հայաստանը պետք է դադարի պատրանքներ ունենալ, որ Ռուսաստանի կօգնի իրեն։ Դա կարող է կարևոր քայլ լինել՝ Հրվ․Կովկասում խաղաղության հաստատելու համար, ընդգծեց ուկրաինացի փորձագետը։

Արա Ալոյան