Ազգ-բանակ պետությունից բանակ-սպի վերածված Հայաստանը շարունակում է բախվել անվտանգային լրջագույն խնդիրների ու մարտահրավերների։ Թշնամուն մեղադրելը միշտ էլ հեշտ է, բայց դա չի բորբոքում ոչ միջազգային հանրության սթափությունն ու սրտացավությունը, չի զսպում ռազմատենչ ու հայայտյաց Բաքվի, Անկարայի նկրտումները, ոչ էլ, առավել ևս, արթնացնում մեր ազգի առողջ ուժերին՝ արմատախիլ անելու մեզանում արմատացող հիասթափությանն ու պարտվողականությանը։

Հատկապես այս օրհասական պահին օրվա հրամայական է դարձել ՀՀ զինված ուժերը վերականգնելու, կենսունակ դարձնելու և թշնամու ցանկացած սադրանքի արժանի հակահարված տալու գերխնդիրը։

«Ռազմաքաղաքական որոշ փորձառություն ունենալով՝ կարող եմ ասել, որ մեր երկրի համար մարտունակ և բազմաֆունկցիոնալ բանակ ունենալը կարևոր գործոն է անվտանգ և խաղաղ ապրելու համար: Ազգ-բանակ կոնցեպտը լավագույն լուծումն է մեր պետության անվտանգության ներքին բաղադրիչի համար: Մենք հնարավորություն ունենք 3-5 տարվա ընթացքում ամբողջությամբ վերակազմավորել մեր զինուժը»:

Այս մասին ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Քաղաքական գործչի համոզմամբ, հետագայում այն շարունակ արդիականացնելով՝ պետք է դարձնել ամբողջ հասարակության անքակտելի մաս:

«Յուրաքանչյուր քաղաքացու' ուսուցչի, դասախոսի, գիտնականի, բիզնեսմենի, հոգևորականի, պետական ծառայողի աշխատանքի արդյունքը պետք է ուղիղ իմաստով կապ ունենա բանակի հետ։ Զինվորականը պետք է դառնա մեր հասարակության էլիտար շերտ և ունենա բարձր սոցիալական կարգավիճակ: Իսկ սպառազինվելը' պետության գլխավոր խնդիրը»,-ասաց մեր զրուցակիցը:

Արա Ալոյան