Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, որն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից սկսած։ Այս մասին նշվում է ԵՄ խոսնակի անունից տարածված հայտարարության մեջ:

«Մեզ ոգևորում են տեղերից ստացվող զեկույցները, որոնցում նշվում է, որ հրադադարը, մինչև այժմ, պահպանվում է։

Կոչ ենք անում կողմերին շարունակել հրադադարի ռեժիմի պահպանումը և համակարգել մարդասիրական քայլերը, մասնավորապես՝ զոհված զինվորների մարմինների հանձնումը»,-ընդգծվում է հայտարարությունում:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի մանդատի շրջանակում շարունակում է բարձր մակարդակի խորհրդակցությունները՝ սեպտեմբերի 14-ին Բաքվում, 15-ին՝ Երևանում։

ԵՄ-ը շարունակում է ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։