Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հստակ է և աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդհանուր առմամբ ուզում եմ ընդգծել, որ խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլև նախորդ տարվա մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման մասին, և Հայաստանի Հանրապետությունը այս դիրքորոշումն է արձանագրել երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումների ժամանակ: Ըստ էության, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի հիման վրա են քննարկումները տեղի ունեցել: Եվ երեկ երեկոյան ես ևս մեկ հեռախոսազրույց եմ ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Եվ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է մնա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում»,- ընդգծեց Փաշինյանը: