Վերջին երկու օրերին ռուս-ուկրաինական հակամարտությունը նոր՝ վտանգավոր դրսևորումներ է ստանում․ ռուսական զինուժը երեկ հրթիռակոծել է Ուկրաինայի մի շարք քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևը, հաղորդվում է տասնյակ զոհերի և վիրավորների մասին։ Կողմերը պաշտոնական մակարդակով ավելի են կոշտացրել մեղադրանքներն ու հռետորաբանությունն՝ գրեթե բացառելով խաղաղ երկխոսությունը։
Այսօր ևս ռուսական բանակի հրթիռակոծության հետևանքով պայթյուններ են որոտացել Օդեսայի և Վինիցայի շրջանում, ինչից հետո ամբողջ երկրում օդային տագնապ է հայտարարվել։

«Երեկ ռուսական զինուժը փետրվարի 24-ից ի վեր ամենաուժեղ հարվածներն է հասցրել Ուկրաինայի ամենատարբեր օբյեկտներին։ Թեպետ նրանք ասում են, որ դա պատասխան հարված է եղել, բայց իրականում գործ ունենք ահաբեկչության հետ, քանի որ նրանք հրթիռակոծում են ենթակառուցվածքները, այդ թվում՝ էներգետիկ»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հնչեցրեց «Համաշխարհային քաղաքականության ինստիտուտ»-ի գործադիր տնօրեն, Ուկրաինայի ՊՆ հանրային խորհրդի նախկին անդամ Եվգենի Մագդան։

Ուկրաինացի փորձագետը հիշեցրեց հակամարտության վերսկսման օրը՝ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արած այն հայտարարությունը, թե Ռուսաստանը գերճշգրիտ հարվածներով կխոցի Ուկրաինային, ինչի ականատեսը, ըստ Մագդայի, եղանք նախօրեին ու նաև այսօր։

«Կարծում եմ՝ այս հարվածն առաջին հերթին ուղղված էր ռուսական ներքին լսարանին՝ թե տեսեք՝ 70 տարեկանում Պուտինը ինչ-որ բան կարող է դեռ անել, իսկ թե ինչ կարող է անել՝ կտեսնենք առաջիկայում»։

Մեր զրուցակցի համոզմամբ, տեղի ունեցածը չի կարող ազդել Ուկրաինայի հարավային ու արևելյան հատվածներում գոյություն ունեցող իրավիճակի վրա, որտեղ ուկրաինական բանակը շարունակելու է հարձակողական գործողությունները։

Արա Ալոյան