Հայաստանում 2023 թվականից մինչև 2025 թվականը կներդրվի քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, ինչը թույլ կտա ձևավորել հարմարավետ միջավայր և գործիքակազմ'ֆիզիկական անձանց եկամուտների և դրանցից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի կողմից հաշվառելու, ինչպես նաև եկամտային հարկի գծով հարկային պարտավորությունները ինքնուրույնաբար կատարելու համար: Նոյեմբերի 17-ի կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից: «Հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը: Յուրաքանչյուր ֆիզիկական անձ ունենալու է նույնականացված հաշիվ հայտարարագրերի համակարգում: Հայտարարատուն, հարկային մարմնի կողմից տրամադրված նույնականացման տվյալներով մուտք գործելով հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, հնարավորություն ունի այնտեղ իր համար նախալրացված հայտարարագիրը ստուգելու, անհրաժեշտության դեպքում կատարելու փոփոխություններ և լրացումներ, ապա հաստատելու հայտարարագրերի վերջնական տարբերակը»,-ասաց նախարարը:

Նախատեսվում է հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդնել նաև խթանող միջոցառումներ' սոցիալական կրեդիտների համակարգի միջոցով, որի շրջանակներում հայտարարագիր ներկայացնող անձինք հնարավորություն են ստանալու իրենց վճարած եկամտային հարկից հետ ստանալ հարկային տարվա ընթացքում իրենց կամ իրենց ընտանիքի որոշ անդամների կատարած ու հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված առողջապահությանը, կրթությանը և բնակարանային ապահովությանը վերաբերող ծախսերին համարժեք որոշակի գումարներ:

Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղություններ, ընտանիքի անդամների շրջանակը և փոխհատուցման առավելագույն չափերը նախնական շրջանում կսահմանվեն կառավարության որոշմամբ, ապա՝ բարեհաջող ընթացքի դեպքում, հետագայում կամրագրվեն օրենքով: Նախարարը նշեց, որ սոցիալական համակարգի ներդրմամբ պարզեցվում է նաև քաղաքացիների' արտերկրում ստացվող եկամուտների և դրանցից վճարված հարկերի փաստաթղթերի պահանջը:

«2023 թվականին հայտարարատու պետք է համարվեն այն քաղաքացիները, որոնք հանրային ծառայությունների մասին օրենքի համաձայն զբաղեցնում են համայնքային կամ հանրային պաշտոններ, այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են բաժնետեր մի կազմակերպությունում, որի եկամուտները 2022 թվականի արդյունքներով գերազանցել են 1 միլիարդ դրամը: 2023 թվականից հայտարարատու կհամարվեն այն քաղաքացիները, որոնք 2022 թվականի ընթացքում ստացած կլինեն 20 միլիոն դրամ և ավելի վարկեր և փոխառություններ: 2024 թվականին հայտարարատու կհամարվեն այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են վարձու աշխատողներ կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են աշխատանքների կատարման դիմաց եկամուտներ: 2025 թվականի համար հայտարարագրող են հանդիսանալու բոլոր այն քաղաքացիները, որոնք առաջին երկու խմբերի մեջ չեն»,-նշեց Տիգրան Խաչատրյանը՝ ընդգծելով, որ 2025 թվականի արդյունքներով արդեն կարելի է համարել, որ համակարգում ներառված են բոլոր հայտարարատու քաղաքացիները:

Նախարարը նշեց նաև, որ հայտարարագիր չներկայացնելու համար նախատեսվելու է պատասխանատվություն, որի չափի հարցը կքննարկվի Ազգային ժողովում:

«ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնությունը կքննարկվի արագացված ընթացակարգով»,-հավելեց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ համակարգի ներդրումը շատ կարևոր քայլ է: «Նման քայլերի տրամաբանությունը բխում է մեր գաղափարական այն արձանագրումից, որ պետությունը կարող է հարատևել միայն նրա քաղաքացիների' պետություն ունենալու կամքի առկայության վրա»,-ասաց վարչապետը: