Այսօր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿԿ) համագումարում ՀՀ առաջին նախագահ և ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ի թիվս այլ հարցերի, լայն անդրադարձ կատարեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որի ուղղությամբ ՀԱԿ-ը բավական երկար ժամանակ քաղաքական գիծ է վարում: Տեր-Պետրոսյանը խնդիրը դիտարկեց բուրժուա-դեմոկրատական հեղափոխության, այսինքն՝ բուրժուազիան, այս դեպքում' օլիգարխիան, իշխանությունից անջատելու անհրաժեշտության մեջ:

«2008 թվականին Խաչատուր Սուքիասյանն ո՞վ էր, նորից խոշոր բուրժուազիայի, օլիգարխիայի մասը, ում նկատմամբ նույնպիսի վերաբերմունք կար, ինչպես մյուսների նկատմամբ: Բայց եկավ բացահայտ միացավ մեր շարժմանը, ոչինչ չստացավ դրա դիմաց, հակառակը՝ իշխանությունն առաջին հարվածը հասցրին իրեն՝ պարզապես սնանկացրին այդ մարդուն»,- ասաց ՀՀ առաջին նախագահը: Ըստ նրա' այսօր նույն ճանապարհն է ընտրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետը ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, ասաց.

«Անկեղծ ասած' «Բարգավաճ Հայաստանը» երբեք իշխանության հետ չի եղել այնպիսի կապի մեջ, որը կարող էր լինել անքակտելի, անանջատելի: Դրա վառ ապացույցն էր վերջին խորհրդարանական ընտրություններից հետո համատեղ կառավարման չմտնելու փաստը»:

Մենք մեկնաբանություն խնդրեցինք նաև Տեր-Պետրոսյանի այն մտքի վերաբերյալ, որ «Սերժ Սարգսյանը չի ներելու Գագիկ Ծառուկյանին նրա անկախ քայլերի համար, թույլ չի տալու, որ ամրապնդվի և քաղաքական գործոն դառնա»:

Այս մասին Ուրիխանյանն ասաց, որ կոմպետենտ չէ դրան պատասխանելուն, քանի որ ավելի ճիշտ կլինի, որ դրան պատասխանեն Սերժ Սարգսյանի կողմից լիազորված անձինք: «Բայց որ ԲՀԿ-ն հենց իշխող, քաղաքական մեծամասնություն ներկայացնող ուժին է այլընտրանքային դիրքորոշում հայտնել, դրա հետ կապված որևէ նորություն ասելը դժվար է, քանի որ բոլորին արդեն վաղուց հայտնի բան է»,- ասաց ԲՀԿ խոսնակը:

Մեր հարցադրմանը, թե արդյոք ԲՀԿ-ն իշխանության մաս չի՞ եղել, Տ.Ուրիխանյանը պատասխանեց, որ հարցը հռետորական է:

«Այո՛, անշուշտ եղել է նման բան, որը բերել է այնպիսի իրավիճակի, որն իր հերթին՝ մեզ համար ձեռնտու, բավարար չի եղել, դրա համար էլ կուսակցությունը չի շարունակել համատեղ կառավարման գործընթացը' ակնկալելով փոփոխություններ, և հենց այդ փոփոխությունն էլ ակնհայտորեն փաստում է այն հանգամանքը, որ որևէ անանջատելի կապ չի կարող լինել»,- նշեց նա:

Իսկ Խաչատուր Սուքիասյանի և Գագիկ Ծառուկյանի համեմատության և նրանց «խոշոր օլիգարխիայի մաս» դիտարկելու մասին Տիգրան Ուրիխանյանը, որպես առաջին բարձրագույն կրթությամբ լեզվաբան, տվեց «օլիգարխիա» բառի սեփական բացատրությունը:

«Նշանակում է՝ փոքրաթիվ մարդկանց շահերը սպասարկող տնտեսական, ֆինանսական, նյութական բարիքների և քաղաքական, ավելի ճիշտ' պետական հնարավորությունների փոխկապակցվածություն: Հիմա ես կարծում եմ' մեր դեպքում այդ ձևաչափը քննարկելու ենթակա չէ, որովհետև «Բարգավաճ Հայաստանում» որևէ մեկը որևէ կերպ չի փոխկապակցում քաղաքական, պետական գործառույթները, առավել ևս՝ ակնհայտորեն տեսնում եք' գործադիր իշխանության մեջ ներկայացված չլինելով տնտեսական ինչ-որ հնարավորությունների հետ»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը' ավելացնելով, որ (ԲՀԿ) «առաջնորդի մասին խոսելիս' «գործարար» եզրույթը վաղուց արդեն տեղին և արդիական չէ»: