Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը դիմելու է դատարան նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը:

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ձերբակալումից մեկ տարի և երեք ամիս անց միայն պաշտպանական կողմին հնարավորություն ընձեռնվեց 3 դատական նիստերի ընթացքում հրապարակել և հետազոտել մեղադրանքն ամբողջապես հերքող փաստական տվյալներն ու ապացույցները, մասնավորապես՝ հիմնավորել հրթիռների ձեռքբերման անհրաժեշտությունն ու օրինականությունը, մեղադրվող պաշտոնյաների՝ իրենց լիազորությունների սահմաններում կատարված գործողությունների իրավաչափությունը, խնդրո առարկա հրթիռների տեխնիկական նորմերին, պահանջներին և պահպանման ժամկետներին համապատասխանությունը, ինչպես նաև նախաքննության ընթացքում կատարված ապօրինությունները, անճշտությունները և ուղղորդված շտապողականության փաստերը:

Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ պաշտպանական կողմը միջնորդությամբ կրկին դիմելու է դատարանին խափանման միջոցի փոփոխության նպատակով»,-նշվում է հայտարարությունում: