Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում BMW 528 մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայից դեպի Զաքարիա Քանաքեռցու փողոց ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Զաքարիա Քանաքեռցու փողոցի վրա գտնվող «Վահե Կարապետյան» կենտրոնի բազալտե հենասյանը և հետընթաց ընթանելով, բախվել է փողոցով անցնող տղամարդուն։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։

Հրշեջ-փրկարարները BMW-ի վարորդին մեծ դժվարությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկների հետ պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Փրկարարները և պարեկները շտապօգնության ավտոմեքենային են պատգարակով մոտեցրել նաև վրաերթի ենթարկված տղամարդուն։

Բժիշկները 2 վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթար-վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ BMW-ի վարորդի ինքնազգացողությունը, ավտոմեքենան վարելիս, վատացել է, ինչն է դարձել է վթար-վրաերթի պատճառ։