ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի անդամ Գառնիկ Մանուկյանը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը։

«Հերթական դրսևորումն արձանագրվեց րոպեներ առաջ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում։ Երկու ամսով կալանավորվեց ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի անդամ, հայրենիքի համար պայքարի ակտիվիստ Գառնիկ Մանուկյանը»– ֆեսբուքյան էջում գրել է նա։

Իսկ ՀՅԴ կուսակցության Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանն ազատ կարձակվի։ Նրա փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է, որ դատարանը մերժել է կալանավորելու միջնորդությունը, ձերբակալությունն էլ ճանաչվել է ոչ իրավաչափ

«Արտավազդ Մարգարյանը շուտով կլինի ազատության մեջ»,– գրել է նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Հիշեցնենք՝ հունվարի 11-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացրել ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի և այլ ՀՅԴ-ականների տներում: 3 հոգու ձերբակալել էին, այդ թվում՝ Արտավազդ Մարգարյանին և Գառնիկ Մանուկյանին։

Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (оրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):