Շաբաթ օրը բելոռուսական «БелМузТВ» հեռուստաալիքի ցերեկային եթերի ժամանակ ցուցադրել են պոռնոգրաֆիկ բնույթի տեսահոլովակներ: Եղած վարկածների համաձայն, դիվերսիան կատարել է եթերային սարքավորումների մոտ մուտքի թույլտվություն ունեցող մեկը:

Ահաբեկչությունը սկսվել է շատ «մեղմ». սկզբից ցուցադրվել է Բելոռուսիայում արգելված «Լյապյա Տրուբիցկոյ» խմբի հոլովակը, հաղորդում է «Chapter 97» կայքէջը: Այնուհետեւ եթեր են հեռարձակվել պոռնոգրաֆիկ տեսահոլովակներ, մոտ 20 րոպե տեւողությամբ: Կատարվածից զարմացած քաղաքացիները տեսագրել են եթերը եւ անմիջապես տեղադրել «YouTube»-ում:

Ինչպես հաղորդում է «Chapter 97» կայքէջը, իրենց ուղարկել են այդ եթերի տեսագրությունը, բայց հասկանալի պատճառով իրենք չեն կարող հրապարակել այն: Հասկանալ կարելի է, թե ինչպիսի ցնցում են ապրել հասարակ քաղաքացիները: Կայքի վկայությամբ, այդ սկանդալային ցուցադրությունը շատերն են տեսագրել, բայց վախենում են տեղադրել համացանցում՝ գործող պոռնոգրաֆիկ նյութերի տարածման օրենքի պատճառով:

20 րոպեանոց խայտառակ եթերից հետո, հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը: Սկսվել է հետաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: Նախնական վարկածով, «ահաբեկչությունը» կատարել է տեսաինժեները, ով մտել է հեռարձակման սենյակ, միացրել է հոլովակները եւ այնուհետեւ՝ թաքնվել:

Մեղավորին դեռ չեն ձերբակալել, բայց ոստիկանությունը հետաքննություն է վարում՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Արամ Խաչատրյան