Պայթյունի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված կնոջ վիճակը գնահատվում է կայուն ծանր, շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն: Այս մասին հայտնում են Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։

«Կինը շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն էր ընդունվել հունվարի 22-ին’ ժամը 20:45-ի սահմաններում, ծայրահեղ ծանր, շոկային վիճակում:

Տուժածի մոտ հայտնաբերվել է աջ վերին վերջույթի տրավմատիկ սուբտոտալ ամպուտացիա՝ պրոֆուզ արյունահոսությամբ, մարմնի տարբեր հատվածներում առաջին եւ երկրորդ աստիճանի այրվածքներով, վերին ծնոտի եւ վերին շրթունքի վնասվածքներով:

Անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, հերթապահ բուժանձնակազմի եւ հրավիրված նեղ մասնագետների կողմից ցուցաբերվել անհրաժեշտ բուժօգնություն:

Ելնելով վնասվածքի բարդությունից եւ խորհրդակցելով համապատասխան ավագ մասնագետների հետ, կնոջ վնասված վերջույթի պահպանելը համարվել է անհեռանկարային, որոշում է կայացվել ամպուտացնել՝ ելնելով վնասվածքի բարդությունից:

Կատարվել է աջ վերին վերջույթի վերջնական անդամահատում, վերքի առաջնային վիրաբուժական մշակում, արյունահոսության դադարեցում, ծայրատի ձեւավորում: Դիմածնոտային վիրաբույժի կողմից կատարվել է վերին ծնոտի եւ վերին շրթունքի վերքի առաջնային վիրաբուժական մշակում, այրվածքների մշակում:

Պացիենտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:
Մեկ անգամ եւս հորդորում ենք՝ հատկապես տարվա այս սեզոնին, խստորեն պահպանել անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ: