Աշխատանքի պահանջարկը գերակշռում է առաջարկը: Այսպիսին է այսօրվա աշխատաշուկայի պատկերը: Այդպիսի անհավասարակշռության դեպքում հնարավոր է, որ գործատուի կողմից խախտվեն աշխատողների իրավունքները, քանի որ ես անձամբ աշխատողների կողմից իրենց իրավունքների վերաբերյալ առարկություններ ներկայացվելու դեպքում հաճախ եմ գործատուներից լսում հետևյալ արտահայտությունը' «Դու չես ուզում' ուզողներ շատ կան»:

Այս կապակցությամբ զրուցեցինք Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանի հետ: «Աշխատողների իրավունքները կարող են խախտվել տարբեր առումներով' սկսած առանց պայմանագիր կնքելու աշխատող պահելուց, մինչև աշխատողի աշխատավարձը ժամանակին չվճարելը, ինչպես նաև' առանց համապատասխան հիմքերի աշխատողին աշխատանքից հեռացնելը: Համաձայն իմ դիտարկումների' խախտումների դեպքերը առավելապես կապված են առանց պայմանագրի աշխատող պահելու հետ»,- ասաց նա: Պայմանագիր չկնքելու բացասական հետևանքները, ինչպես նշեց իրավաբանը, անձը կարող է զգալ կենսաթոշակի անցնելիս, երբ հաշվարկվում է համապատասխան ստաժը:

Իրավաբանի դիտարկումներով' վերջին տարիներին աշխատողների իրազեկության մակարդակը բավականին բարձրացել է: Դա մեծապես նպաստում է, որ գործատուներն ավելի զգուշավոր լինեն: Օրինակ' երբ հստակ մտադրություն ունեն աշխատողին աշխատանքից ազատելու, իրենք փորձում են դրա համար իրավական հիմքեր գտնել:

«Քաղաքացիները պետք է իմանան, որ աշխատավարձն ուշացնելու յուրաքանչյուր օրվա համար գործատուն իրենց պետք է վճարի տույժ' համապատասխան չափով: Իսկ չվճարելու դեպքում աշխատողը իրավունք ունի պահանջել այն»,- շեշտեց Սերինեն:

Հաճախ խախտվում են հղի կանանց աշխատանքային իրավունքները: Գործատուները խուսափում են նոր ընտանիք կազմած կամ հղի կանանց աշխատանքի ընդունելուց: Ճիշտ է, ժամանակավոր անաշխատունակության նպաստն իրենք չեն վճարում, սակայն նրանց աշխատանքի ընդունելը խնդիր է գործատուի համար այն առումով, որ պետք է հղի աշխատողի արձակուրդի գնալու ընթացքում գործատուն ժամանակավոր աշխատող ընդունի, իսկ դա լրացուցիչ գործ է նրա համար: Բացի այդ, հղի կինը իրավունք ունի երբեմն՝ որոշակի ժամերի բացակայել աշխատանքից' կապված երեխային կերակրելու կամ բժշկական զննություն անցնելու և այլնի հետ, իսկ դա ձեռնտու չէ գործատուին: «Պետությունը կարող է խրախուսող մեխանիզմներ մշակել գործատուների համար, որպեսզի նրանք իրենց տուժողի վիճակում չզգան հղի կնոջը աշխատանքի ընդունելու դեպքում, քանի որ պետությունը միշտ շեշտադրում է, որ ծնելիության բարձրացման խնդիր ունի»,- նշեց նա:

Առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելու համար գործատուն տուգանվում է 50000 դրամով' յուրաքանչյուր աշխատողի դեպքում: Աշխատանքի պետական տեսչությունն է նշանակում այդ տուգանքները և հետևողական լինում դրանց կատարման համար: Քաղաքացիները, ում իրավունքները խախտվել են, կարող են դիմել նշված տեսչություն: