2019 թվականին կառավարության նիստերից մեկում որոշում էր կայացվել, որ ոռոգման համակարգում պետք է լինեն լրջագույն լուծումներ: «Պետք է հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչպես մամուլն է շրջանառում, ՀՀ-ում «ջրային մաֆիայի» գոյությունը և, եթե այդպես է՝ միանշանակ է, որ այդ «ջրային մաֆիան» պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի», - ասել էր Նիկոլ Փաշինյանը:
 
 
Գաղտնիք չէ, որ Արարատյան դաշտն անապատացման վտանգի տակ է: Արարատի ու Արմավիրի մարզերում ստորգետնյա ջրային պաշարների նվազումն արդեն զգացնել է տալիս: Ստորգետնյա քաղցրահամ ջրերը, որոնք կոչվում են նաեւ արտեզյան ջրեր, դուրս են բերվում հորատանցքերով: Արտեզյան ջրով է Արարատյան դաշտի գյուղերի բնակչությունը լուծում խմելու եւ ոռոգման ջրի հարցը: Ձկնաբուծական տնտեսությունները մեծ քանակությամբ ջուր են օգտագործում, իսկ ընդերքը չի հասցնում վերականգնել հասցված վնասը: Իսկ խոշոր ձկնաբիզնեսում, ինչպես հայտնի է՝ խոշոր պաշտոնյաներ են ընդգրկված: Այս դեպքում՝ հիմնականում նախկին պաշտոնյաներ: Շատերի կարծիքով  «ջրային մաֆիայի» մասին ակնարկելիս նկատի ուներ հենց վերջիններին: 
 
Հեղափոխությունից հետո  հայտարարվում էր, որ ՋԸՕ-ում լայնամասշտաբ ստուգումներ են լինելու, մտնելու են ՋԸՕ պետերի տուն, սկանդալային բացահայտումներ են լինելու: Թե քանի ՋԸՕ պետի տուն մտան իրավապահները, դժվար է ասել, այդ մասին տեղեկությունները բացակայում են: ՋՕԸ-ների տնօրենի պաշտոնը ոչ բարեխիղճ աշխատողների համար բավականին եկամտաբեր է ու կարելի է այստեղ սուս-փուս, առանց մեծ աղմուկ հանելու` «ձեռքերը մի լավ տաքացնել»: Զուր չէ, որ ՋՕԸ-ների պետերի պաշտոնները հաճախ զբաղեցնում են իշխանավորների բարեհաճությունը վայելողները: Օրինակ, հեղափոխությունից հետո Կոտայք ՋԸՕ պետի պաշտոնը զբաղեցրել է ներկայումս ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի ազգական Պավել Ցուգունյանը: Ռուբեն Պետրոսյանը Ռոմանոս Պետրոսյանի եղբայրն է։ Նա 2021 թվականից նշանակվել է «Կոտայք» ՋԸՕ-ի տնօրենի տեղակալ։ Վերջինս սոցիալական ցանցերում հստակ քաղաքական դիրքորոշում է հայտնում՝ սատարելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և իշխանությանը։ Գուրգեն Օսիպյանը Պավել Ցուգունյանի մորաքրոջ տղան է։ Նա 2019 թվականի ապրիլին ընդունվել է «Կոտայք» ՋՕԸ՝ որպես «Նաիրի» տեղամասի պետի տեղակալ, իսկ 2020-ի հունվարին դարձել տեղամասի պետ։ Արարատ Աղաբեկյանը Պավել Ցուգունյանի քրոջ ամուսինն է։ 2019-ի ամռանը նա դարձել է «Կոտայք» ՋՕԸ-ի «Ջրվեժ-Ձորաղբյուր» տեղամասի պետի տեղակալ, իսկ 2020-ի հունվարից նշանակվել է այդ տեղամասի պետ։  
 
Հեղափոխությունից հետո բացահայտումներ եղան կապված նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ստվերային այգիների հետ, որոնց ոռոգման հարցն էլ բնականաբար բազմաթիվ հարցեր էր առաջացնում: Նախկին վարչապետի ընտանիքին պատկանոց ձնկաբուծրանները, ըստ պաշտոնական աղբյուրների, պետությանը հարյուրավոր միլիոնների վնասներ են պատճառել: Խախտումներ են հայտնաբերվել Արարատի մարզում Աբրահամյաններին պատկանող «Մխչյան ֆիշ» ու «Մերի ֆիշ» ընկերություններում։
 
2020-ին ՀԵՏՔ պարբերականում հայտնվեց հետաքննություն, ըստ որի՝ գործարար Սամվել Ալեքսանյանի կողմից չեն վճարվել  ձկնաբուծարանների հողերի կադաստրային արժեքը եւ տարեկան հարկերը
 
Երեկ հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարությամբ, Երևանում և մարզերում, ուսումնասիրություններ են նախաձեռնվել՝ հանրապետությունում գործող ջրօգտագործողների ընկերություններում պետական շահերի պաշտպանության վիճակը պարզելու նպատակով: Այս առումով ակտիվ աշխատում է նաև Ջրային կոմիտեն, այնքանով որքանով դա հնարավոր է, այն պարզ պատճառով, որ  ՋՕԸ-ները ինքնավար, հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող ընկերություններ են և Ջրային կոմիտեն միայն աջակցող գործառույթներ ունի այս ընկերությունների նկատմամբ, հետևաբար չէր կարող միջամտել ՋՕԸ տեղամասի կամ այլ ստորաբաժանման կադրային հարցերին։ Այս ամենը հույս է ներշնչում, որ այնուամենայնիվ սայլը տեղից կշարժվի և Փաշինյանի կողմից մատնանշված ջրային մաֆիան, եթե այն իսկապես գոյություն ունի այդ ծավալներով, կբացահայտվի և կվերացվի: Միևնույն ժամանակ, պետք է փաստենք, որ պետությունը և պատկան մարմինները այդ նպատակին հասնելու համար պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը: