Պակիստանի հյուսիս-արևմուտքում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հասցրած հերթական հարվածից 5 զինյալներ են սպանվել: Ինչպես այսօր հաղորդել են տեղի ԶԼՄ-ները, ամերիկյան անօդաչու թռչող սարքերը հրթիռային կրակահերթ են բացել բնակելի տների ուղղությամբ Աֆղանստանի հետ սահմանային շրջանում, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Նախնական տվյալների համաձայն՝ հարձակման պահին տներում են եղել ծայրահեղականներ՝ այսպես կոչված «Հակկանի ցանցից», որն Աֆղանստանի թալիբների ամենահզոր կազմավորումներից մեկն է, որը հիմնականում գործում է Պակիստանի հյուսիս-արևմուտքում:

Պաշտոնական Իսլամաբադը արդեն մի քանի անգամ պահանջել է Վաշինգտոնից դադարեցնել այդ հարձակումները, քանի որ դրանք խախտում են Պակիստանի ինքնիշխանությունը և նպաստում տարածաշրջանում հակաամերիկյան տրամադրության բարձրացմանը: Սակայն Միացյալ Նահանգները, հրապարակայնորեն չընդունելով ԱԹՍ-ների կիրառումը Պակիստանի հյուսիս-արևմուտքում, այնուամենայնիվ կարծում է, որ դրանք ազդեցիկ միջոցներ են ահաբեկչության դեմ պայքարի համար:

Ավելի վաղ այս շաբաթ Պակիստանի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆը հրապարակայնորեն խոստովանել է, որ այդ երկրի իշխանությունները ժամանակին իրենք են «կանաչ լույս վառել» ամերիկացիների համար՝ թույլատրելով նրանց կիրառել ԱԹՍ-ները ծայրահեղականների դեմ պայքարում: