ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին են դիմել պեստիցիդներ ներմուծող մի շարք տնտեսավարողներ, որոնք չեն կարողանում մաքսային պահեստներում գտնվող ապրանքը մաքսազերծել, քանի որ չունեն Տեսչական մարմնի թույլտվությունը, այս մասին հայտնեցին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինց:

Թույլտվությունը չի տրամադրվել, քանի որ վերոնշյալ պեստիցիդները չեն համապատասխանում Հայաստանում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկի (հրապարակված է Տեսչական մարմնի պաշտոնական կայքում՝ snund.am) տվյալներին: Մասնավորապես, ՀՀ օրենսդրության համաձայն, երկրի տարածք թույլատրվում է ներմուծել միայն այն կազմակերպությունների կողմից արտադրված պեստիցիդները, որոնք սահմանված կարգով գրանցվել են Հայաստանում։ Տնտեսավարողները փորձել են ներկրել չգրանցված կազմակերպությունների կողմից արտադրված պեստիցիդներ: Այսինքն՝ գրանցման է ներկայացվել X կազմակերպության արտադրանք, որը սահմանված կարգով գրանցվել է, սակայն փորձում են ներկրել Y կազմակերպության կողմից արտադրված արտադրանք:

Քանի որ ապրանքն արդեն Հայաստանում է, տնտեսավարողները խնդրում են ընդառաջել և թույլատրել արդեն երկրում գտնվող ապրանքի ներմուծումը՝ խոստանալով հետագայում պահպանել սահմանված բոլոր ընթացակարգերը:

ՍԱՏՄ-ն հորդորել է պեստիցիդ ներմուծողներին իրենց առաջարկությունները ներկայացնել գրավոր դիմումի տեսքով, որին Տեսչական մարմինը կպատասխանի օրենքով սահմանված ժամկետներում: Առաջարկն ընդունվել է: