Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը մարտի 20-ի ասուլիսի ընթացքում փոխանակել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև պայմանագրերի և համաձայնագրերի եռահատոր ժողովածուներ։

«Դաշնակցային փոխգործակցության 30 տարի․ պայմանագրերի և համաձայնագրերի ժողովածուն» պատրաստվել է երկու երկրների արտաքին գերատեսչությունների, «Դիալոգ» հասարակական կազմակերպության և Երևանի «Ռուսական գրքի տան» մասնակցությամբ։

Ժողովածուի լույս ընծայումը նվիրված է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Հրատարակությունը ներառում է 1992-2021 թվականներին Ռուսաստանի ու Հայաստանի միջև երկկողմ փաստաթղթերի տեքստերը՝ հայերենով և ռուսերենով։

«Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի խոսքով՝ առկա երկկողմ համաձայնագրերը փոխգործակցության ամուր հիմք են ստեղծում։

«Այս հարուստ իրավապայմանագրային հիմքը անկյունաքարային է երկկողմ հարաբերությունների օրակարգի մշտական կատարելագործման տեսանկյունից»,- նշել է Նավոյանը։