«Ես առաջին անգամը չէ, որ լսում եմ, թե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, և ուզում եմ կրկին հարցեր ուղղել ՀՀ կողմին, թե նրանք, ովքեր ասում են՝ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, ինչպե՞ս են տեսնում ՀԱՊԿ մուտքը, երևի ինչ-որ կերպ դա տեսնում են»։ 

 
 

Այս մասին երեկ իր ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից։

 

ԼՈՒՐԵՐ.com-ն այս մասին զրուցել է իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանի հետ, որի դիտարկմամբ՝ անհասկանալի են մնում Զախարովայի իրավական և փաստացի կարգավիճակն ու առհասարակ, նրա լիազորությունների շրջանակը, որովհետև խոսում է այնպիսի թեմաներից, որոնք բացառապես վերաբերում են պետության գլխավորներին և քաղաքական ղեկավարությանը։

 

«Այստեղ հարց է առաջանում, թե այդ ում պաշտոնական տեսակետն է արտահայտում Զախարովան, նման հայտարարություններ անելով։ Բացի դա, ակնհայտ է, որ սրա տողատակը Ռուսաստանին, այսինքն՝ նույն ինքը՝ ՀԱՊԿ-ին, պատասխանատվությունից ազատելն է Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիային որևէիցե կերպ վճռական չարձագանքելու հարցում։ Փորձ է արվում նաև ՀՀ հանրային, քաղաքական և պաշտոնական շրջանակաների բողոքների լեգիտիմությունն ու ազդեցիկությունը նվազեցնել»,-ասաց նա։