Այսօրվանից թույլատրվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

Հաղորդագրության մեջ նշվում է. «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2023 թվականի մարտի 23-ին վերահսկողություն է իրականացրել Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում՝ («Սուրմալու» տոնավաճառ) նախկին վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։

Ըստ այդմ՝ Տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները պարզել են, որ ընկերությունում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որի արդյունքում էապես նվազել է հրդեհի առաջացման սպառնալիքը, և վերացել է ընկերության գործունեությունը մասնակի կամ ամբողջովին դադարեցնելու հիմքը։

Ուստի, առկա հանգամանքների ուսումնասիրության արդյունքում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից մարտի 30-ին որոշում է կայացվել թույլատրել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի գործունեությունը։

Միևնույն ժամանակ ընկերության տնօրենին տրվել է կարգադրագիր, որով սահմանվել է հստակ ժամանակացույց՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների դեռևս առկա խախտումները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ»: