Հայկական կողմը շարունակելու է պնդել, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար լինեն տեսանելի մեխանիզմներ, այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական կողմը պատրա՞ստ է որևէ փաստաթուղթ ստորագրել, քանի դեռ Ադրբեջանի ԶՈՒ-ն գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում՝ Եղոյանն ասաց, որ դա էլ է քննարկման առարկա: Նա նշեց՝ դա ամենակարևոր կետերից մեկն է, ՀՀ պահանջներից մեկը, բնականաբար, դա է:

«Մենք կարծում ենք, որ առանց միջազգային ամուր երաշխիքների համակարգի որևէ պայմանագիր ուղղակի չի կարող գործել: Դա նվազագույն շեմն է, որ մենք պետք է ապահովենք: Պետք է լինի որևէ միջազգային երաշխիք, առանց դրա ուղղակի պայմանագիրն արդյունավետ չի աշխատի»,-ասաց պատգամավորը:

Հայկական կողմը բանակցություններում շարունակելու է պնդել, որ տեսանելի մեխանիզմներ լինեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար: Եղոյանը նկատեց՝ եթե այդ մեխանիզմները չլինեն տեսանելի, լինեն այլ ձևաչափերում, միջազգային հանրության «աչքից հեռու», կլինեն խնդիրներ:

Ըստ Եղոյանի՝ միջազգային հանրության հռետորաբանությունն էականորեն փոխվել է, հայկական կողմի համար ավելի լավ, ավելի հասցեական ու առարկայական է դարձել:

Անդրադառնալով Վաշինգտոնում ընթացող բանակցությունների տևողությանը՝ նա ասաց, որ բովանդակությունը շատ տարողունակ ու առարկայական է, դրա համար էլ խոսակցությունը տևում է երկար:

Իսկ, թե հնարավո՞ր է Վաշինգտոնում ընթացող այդ բանակցությունների արդյունքում փաստաթուղթ ստորագրվի՝ Եղոյանը չկարողացավ պատասխանել՝ նշելով, որ դա կախված է բանակցությունների ընթացքից: