Թուրքիայում նոր երկրաշարժեր են գրանցել փետրվարին տեղի ունեցած ավերիչ ցնցումներից տուժած տարածքներում։ Այս մասին մայիսի 9-ին հայտնել է Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակը:

Նշվում է, որ մայիսի 8-ին՝ ժամը 23։20-ին, Ադիյաման նահանգի Չելիխան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 4,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 8,64 կմ խորության վրա։

Բացի այդ, երեքշաբթի օրը՝ ժամը 06:11-ին, 3,9 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Քահրամանմարաշ նահանգի Թյուրքօղլու շրջանում, որի էպիկենտրոնը 7 կմ խորության վրա է եղել։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայում ավելի քան յոթ բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հազարավոր հետցնցումներ, զգացվել են նաև հարևան երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը։