Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված դիմումով քաղաքացին տեղեկացրել է, որ ունի առողջական մի շարք խնդիրներ։ Բժշկի կողմից ցուցված է հրատապ վիրահատություն, սակայն չունի բավարար ֆինանսական միջոցներ։

ՄԻՊ-ից հայտնում են, որ ըստ քաղաքացու՝ ամուսինն 1-ին խմբի հաշմանդամություն ունի, նախկինում ընտանիքը ստացել է նպաստ, բայց արդեն մի քանի ամիս է նպաստի վճարումը դադարեցվել է. ապրուստի միակ միջոցն ամուսնու կենսաթոշակն է։

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ամուսնու նպաստի իրավունքը վերականգնելու և իր վիրահատությունն անվճար կազմակերպելու հարցերում:

Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ, գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններին։ Արդյունքում, վերականգնվել է նպաստ ստանալու իրավունքը, միաժամանակ վճարվել է նաև նախորդ 3 ամիսներին չվճարված գումարը։

Քաղաքացին Պաշտպանին լրացուցիչ դիմումով տեղեկացրել է, որ որպես նպաստառու, իրեն տրամադրվել է ուղեգիր, անհրաժեշտ վիրահատությունը պետական պատվերի շրջանակում իրականացնելու համար։