«Հրապարակ» թերթը գրում է.
Վերջերս պաշտպանության նախարարության տնօրինության տակ է հայտնվել «Բաղրամյան» զորավարժադաշտում գտնվող դիպուկահարների հրաձգային համալիրը՝ միջազգային չափանիշներին համապատասխանող բազա, որի համար կարելի է միայն ուրախանալ։ Այս նորության մեջ ոչ մի զարմանալի բան չէր լինի, եթե իշխանության բազմաթիվ հայտարարությունները չլինեին, թե՝ «փող ունենք, բայց զենք բերել չենք կարողանում»: Ստացվում է, որ ՊՆ-ին հաջողվել է ինչ-որ կերպ կառուցել տարածաշրջանում նմանը չունեցող, միջազգային չափորոշիչներին համապատասխանող դիպուկահարների հրաձգային համալիր, որը թույլ է տալիս դիպուկահար եւ այլ մոտոհրաձգային ստորաբաժանումների պրոֆեսիոնալ պարապմունքներ կազմակերպել եւ մրցույթներ անցկացնել:

Սակայն մենք պարզեցինք, որ այս անգամ էլ «խաղաղասեր» ռազմաքաղաքական իշխանությունը ոչ մի կապ չունի ի շահ հայկական բանակի կառուցված այս պոլիգոնի հետ: Մեր տեղեկություններով, պատերազմի ավարտից հետո զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը) պաշտպանության նախարարությանն առաջարկել է իր միջոցներով՝ որպես նվիրատվություն, Արմավիրի մարզում կառուցել 4 տեղամասից բաղկացած հսկայական համալիր։ Նախագիծը քննարկվել է զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների հետ, որից հետո սկսվել են կառուցման աշխատանքները։ Ընդ որում, կառույցի վրա աշխատանքները շարունակվել են անգամ այն ժամանակ, երբ Դավիթ Գալստյանն արդեն կալանավորված է եղել՝ նա բանտից ղեկավարել է ֆինանսավորման եւ կառուցապատման աշխատանքները։

Մեր աղբյուրներն ասում են, որ տարածաշրջանում նախադեպը չունեցող այս կառույցը բաղկացած է լսարանից, կառավարման կետից, զենքի եւ զինամթերքի պահեստից, սանհանգույցներից, տեղադրված են տեսախցիկներ եւ ավտոմատացված համակարգեր, հրաձգության վարման համար կառուցված է չորս ուղղություն։ Հրաձգային համալիրի կառուցման համար ծախսվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ։ Հետո այս կառույցը ձեւակերպվել է որպես նվիրատվություն եւ հանձնվել պաշտպանության նախարարությանը։ Այս ամենը տարօրինակ կամ ուշագրավ չէր լինի, եթե նվիրատվության փաստը սուպերգաղտնի կերպով չպահվեր համապատասխան պաշտոնյաների կողմից: Պարզվում է՝ նախապես նախատեսված բացման եւ փոխանցման արարողությունն իշխանության նեկայացուցիչները հապճեպ չեղարկել են եւ բոլոր հնարավոր ճանապարհներով փորձել են կոծկել Պատրոն Դավիթի կողմից նման կառույց սարքելու եւ նվիրելու տեղեկատվությունը: Դժվար է ասել, թե ինչն է պատճառը՝ գուցե այսկերպ փորձում են իրենց «կառուցողական հարեւանին» չզայրացնել կամ հասկանում են, որ խայտառակություն է նման նվեր ընդունել մի մարդուց, որի դեմ հերթական գործն են հարուցել ու կալանավորել, բայց հարուցված քրգործով վաղեմության ժամկետն արդեն լրացել է, եւ համարժեք ապացույցներ էլ չունեն։ Պատրոն Դավիթի կալանավորման ֆոնին նրա թանկ նվերը չեն ցանկացել հանրայնացնել, որովհետեւ դա ապերախտության եւ հիմարության շատ ակնառու դրսեւորում կլիներ:

Հիշեցնենք, որ Գալստյանի փաստաբանը վաղեմության ժամկետը լրանալու հիմքով վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն դատարաններն անտեսել են առերեւույթ առկա այդ հանգամանքը եւ Գալստյանին շարունակում են կալանքի տակ պահել։ Ավելին, կոնկրետ Դավիթ Գալստյանի գործով անցնող մյուս բոլոր մեղադրյալներին չեն կալանավորել՝ առաջնորդվելով հենց այդ հիմքով, որ վաղեմության ժամկետը լրացել է, իսկ Պատրոնին պահում են կալանավայրում՝ տրորելով օրենսդրությունը։

Ինչ վերաբերում է նվեր-կառույցին, ՊՆ-ից մեզ ասացին, որ այն այնքան մեծ է, որ հանգիստ կարող է ծառայել թե՛ ՊՆ-ին, թե՛ քաղաքացիական անձանց, անգամ կարող են կազմակերպել հրաձգության դասընթացներ բոլոր ցանկացողների համար:

Ստացվում է՝ բոլոր անհրաժեշտ կառույցներով եւ սարքերով ապահովված համալիրը սիրով ընդունել են, սարքողին՝ կալանավորել, եւ որպեսզի ավելորդ աղմուկ չլինի, անգամ բացման արարողություն չեն արել: