Ինչպես հայտնի է, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 7 քաղաքական ուժ: Իսկ նախընտրական քարոզարշավն ընթացքի մեջ է, այս օրերին քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում ընտրողների հետ, ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը: Ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը, և ինչպիսի՞ ընտրություններ են ակնկալում կուսակցությունների անդամները: ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ: Վերջինս նախ հայտնել է, որ Դաշնակցությունը ակտիվորեն իրականացնում է քարոզարշավ, կազմակերպում հանդիպումներ Երևանի առանձին վարչական շրջանների բնակիչների հետ: Սակայն այդ ամենին զուգահեռ, ըստ ՀՅԴ անդամի, հատկապես վերջին օրերին կուսակցությունը ստացել է մի շարք ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր: «Այն, որ պետական համակարգը մեր երկրում վեր է ածվել ընտրական համակարգի, գաղտնիք չէ: Գաղտնիք չէ, որ իշխանությունը ամեն անգամ խոստանում է լավ, օրինական ընտրություններ, բայց ամեն անգամ ավելի վատ է լինում, որ վարչական ռեսուրսը կիրառվում է, մարդկանց ստիպում են, ահաբեկում են, սա ևս ակնհայտ է: Արդեն իսկ կան ահազանգեր տարբեր վարչական շրջաններից, որ տնօրենները ուսուցիչներին հրահանգավորում են և որպես քարոզիչներ ուղարկում են աշակերտների տները»,- մեզ հետ զրույցում նշել է դաշնակցական գործիչը:

Վերջինս հորդորում է ուսումնական հաստատությունները զերծ պահել քաղաքականությունից և մանկավարժներին հաղորդակից չդարձնել այդ ընտրախախտումներին: «Մարդիկ կարող է ստիպված լինեն, երեսանց գործը չկորցնելու համար գնան, բայց ներքուստ իրանք գիտեն իրական պատկերը, և ես վստահ եմ, որ այդ մարդիկ չեն ընտրելու իշխանական թեկնածուին»:

Աղվան Վարդանյանի խոսքերով՝ բազմաթիվ են ահազանգերն այն մասին, որ պատրաստվում են մարզերից ընտրողներ տեղափոխել Երևան, չնայած որ այդ ահազանգերը այս պահին զուրկ են փաստերից, որովհետև ապացույցների պակաս կա: Իհարկե բուն ընտրատեղամասերում, վստահ եմ, որ այդ օրը լուրջ էական խախտումներ իշխանությունը չի կարողանալու իրականացնել, քանի որ հանձնաժողովականների կեսից ավելին ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ են, բայց մինչև ընտրությունների օրը այս վարչական ռեսուրսի չարաշահումը պետք է բացառել»:

Ըստ ԱԺ պատգամավորի՝ իշխանական թեկնածուի հաղթանակը ամրագրելու գործին ներգրավվել են նաև, այսպես ասած, թաղային հեղինակությունները, ովքեր այս օրերին շրջում են վարչական շրջաններով, մտնում բնակարաններ և քարոզչական գործառույթներ իրականացնում: Այս և այլ խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է, որ ինչպես քաղաքացիները, այնպես էլ հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժերը աշխատեն համախմբված, կարծիք է հայտնել Աղվան Վարդանյանը:

Փայլակ Ֆահրադյան