Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղի ճանապարհին բախվել են Վանաշեն գյուղի բնակիչ 69-ամյա Խաչիկ Գրիգորյանի վարած «ВАЗ 21-21» մակնիշի՝ 080 LL 70 համարանիշի ավտոմեքենան և Փոքր Վեդի գյուղի բնակիչ 29-ամյա Կորյուն Գրիգորյանի վարած «Белорусь» մակնիշի տրակտորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ «ВАЗ 21-21»-ի վարորդ Խ. Գրիգորյանն ու ուղևորներ՝ Վանաշեն գյուղի բնակիչ 61-ամյա Մանուկ Հարությունյանը և Վեդի քաղաքի բնակիչ 62-ամյա Նորայր Անդրեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Խ. Գրիգորյանը Վանաշեն գյուղի գյուղապետ Վարդգես Գրիգորյանի հայրն է, ով նախկինում եղել է նույն գյուղի գյուղապետ:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արշակ Թարվերդյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի