Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի փոխել իր դիրքորոշումը կառավարության գործունեության վերաբերյալ: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը' անդրադառնալով վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանին վերանշանակելու որոշմանը: «Ես իմ կարծիքը բազմիցս հայտնել եմ արդեն նախկին կառավարության կազմի եւ ղեկավարի գործելակերպի առնչությամբ, եւ իմ դիրքորոշումը չի փոխվել: Դա իրենց խնդիրն է, եթե իրենք գտնում են, որ նման կերպ հարկավոր է շարունակել, ուրեմն թող հանրությունը անի եզրակացություն, որեւէ ձեւով մեր թիմի և անձամբ իմ դիրքորոշումը չի փոխվել, քննադատությունը չի մեղմացել, եւ մեր ասելիքը նույնն է»,- ասել է կուսակցության մամլո խոսնակը: Մեր այն հարցին, թե ձախողված համարո՞ւմ եք արդյոք Տիգրան Սարգսյանի կառավարության աշխատանքը, Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է. «Այն ամբողջ քննադատությունը, այն դիրքորոշումը, որը մենք հայտնել ենք, մեր կարծիքը չի փոխվել, իսկ ինչու պետք է փոխվեր, 30 տոկոսի հասնող աղքատության մակարդակը նվազել է՞, երկրում իրավիճակ է բարելավվե՞լ, մարդկնաց համար տեսանելի փոփոխություններ արձանագրվել ե՞ն իրենց իսկ կյանքում' ո´չ»:

Ինչպե՞ս կմեկնաբանեք մամուլում հրապարակված այն տեղեկությունները, համաձայն որի վերջին տարիներին Տիգրան Սարգսյանի անձնական միջոցները շեշտակի աճել են հարցին ի պատասխան' Տիգրան Ուրիխանյանը նշել է. «Հերթական անգամ պետք է արձանագրել քաղաքացու խնդիրների նկատմամբ այս կամ այն քաղաքական ուժի մոտեցումը, եւ 2013 թվականի Երեւանի ավագանու ընտրությունները լավ առիթ են: Ինչպես վերջին տարիներին անընդմեջ բոլոր իրադարձությունները, ընտրությունները դառնում են դժգոհություն, բողոք արտահայտելու հնարավորություն, եւ ահա սա էլ հերթական անգամ առիթ է հանդիսանալու, որպեսզի մարդիկ, մասնավորապես երեւանցիները, իրենց կարծիքն ու գնահատականը հայտնեն»:

ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե ինչու՞ Սերժ Սարգսյանը փոփոխությունների չգնաց, ԲՀԿ մամլո խոսնակը պատասխանել է. «Ես կոմպետենտ չեմ այդ հարցին պատասխանելու, լավ կլինի այդ հարցը ուղղեք իր կողմից լիազորված անձանց, կրկնում եմ' մեր գնահատականների մասով որեւէ բան չի փոխվել»:

Ինչ վերաբերում է մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե ԲՀԿ-ն մտորում է մտնել կոալիցիա, Տիգրան Ուրիխանյանը իրականությունից հեռու է համարել' նշելով, որ այդ հարցը կուսակցությունում անգամ չի քննարկվել:

Փայլակ Ֆահրադյան