Վատիկանի աշխատակիցները հավելավճար չեն ստանա նոր Հռոմի Պապի ընտրության ժամանակ կատարած լրացուցիչ աշխատանքի համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել ինքը Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը:

Ֆրանցիսկոս 1-ինն անձամբ շրջել է Վատիկանի պետքարտուղարության գրասենյակներով և հաղորդել այդ ոչ ուրախալի լուրը: «Դուք ինձ կհարցնեք, թե ինչ եմ ես անում այստեղ: Ես կասեմ՝ եկել եմ շնորհակալություն հայտնելու ձեզ: Դուք այս օրերին շատ եք աշխատել, շատ ավելի, քան նախատեսված է ձեզ համար, սակայն դրա դիմաց հավելավճար չեք ստանալու, ինչպես եղել է սովորաբար, քանի որ դուք աշխատել եք ամբողջ սրտով, և դրա դիմաց ստանում եք իմ շնորհակալությունը՝ նույնպես սրտի խորքից բխող»,-ասել է Հռոմի Պապը:

Այսպիսով՝ Վատիկանի 4.000 աշխատակիցներ մնացել են առանց հավելյալ գումարի, որը նրանք ստանում էին գործող Հռոմի Պապի մահվան և նորի ընտրության կապակցությամբ:

Այսպես՝ Հովհաննես Պողոս պապի մահվան ժամանակ նրանք ստացել էին 1000 եվրո հավելավճար, իսկ նոր Բենեդիկտոս 16-րդի ընտրությունից հետո՝ ևս 500 եվրո պարգև:

Այս տարի Վատիկանի պետքարտուղարը որոշել է չվճարել այդ գումարը հենց թեկուզ այն պատճառով, որ նախկին Հռոմի Պապը ոչ թե մահացել է, այլ հրաժարական տվել:

Ֆրանցիսկոս 1-ինը նշել է, որ այդ գումարի տնտեսումը կօգնի պայքարել Վատիկանի բյուջեի ճեղքվածքի դեմ. փոխանցում է ИТАР-ТАСС-ը: