2012թ. դեկտեմբերի 26-ին Ազգային ժողովի թվով 34 պատգամավորներ դիմել էին սահմանադրական դատարան՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականության առնչությամբ (այդ իրավական նորմով ամրագրված է, որ նիստն իրավազոր է, եթե սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին): Պատգամավորները գտնում էին, որ նշված նորմը հակասում է Սահմանադրության 70-րդ և 71-րդ հոդվածներին, քանզի դրանցով արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարելու քվորումի որևէ շեմ նախատեսված չէ, ուստի իրավաչափ չէ օրենսդրությամբ ընդհանուր կանոն սահմանելը:

Ս.թ. ապրիլի 16-ին սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ մերժվեց վերը նշված դիմումը, սակայն, միաժամանակ, Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին նույն օրենքի 99-րդ հոդվածի 4-8-րդ կետերը, որոնք առավել էական ու առանցքային նշանակություն ունեն քննարկվող դիմումում արծարծված հարցադրումների տեսանկյունից և միտված են լուծելու առավել խորքային խնդիրներ: Խոսքը վերաբերում է նստաշրջանի ընթացքում բացակայություններն անհարգելի ճանաչելու ընթացակարգին և դրանց հետևանքներին:

Տվյալ դեպքում սահմանադրական դատարանը գտել է, որ լիազորությունների դադարման ինստիտուտը ևս երաշխավորում է խորհրդարանական փոքրամասնության իրավունքները, մինչդեռ՝ առկա օրենսդրական կարգավորումների պայմաններում խորհրդարանական մեծամասնության կամաարտահայտմամբ այն. «... կորցնում է իր կանխարգելիչ նշանակությունը»:

Ընդ որում, սահմանադրական դատարանը չի բավարարվել սոսկ նշված նորմերը Սահմանադրությանը հակասող ճանաչելով, որոշմամբ ամրագրված է այն իրավական դիրքորոշումը, ըստ որի պատգամավորի բացակայությունը կարող է անհարգելի ճանաչվել ոչ թե մեծամասնության կամաարտահայտությամբ, այլ իրավունքի ուժով, այսինքն՝ օրենսդիրը հստակ և սպառի սահմանում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում արդեն իրավունքի ուժով բացակայությունն անհարգելի է համարվում՝ դրանից բխող իրավական հետևանքներով հանդերձ: Այսինքն, սահմանադրական դատարանը նախընտրել է քաղաքական մեծամասնության կողմից կամայական որևէ դրսևորում բացառելու տարբերակը:

Հավելենք, որ սահմանադրական դատարանի որոշման համաձայն, պատգամավորի կողմից Ազգային ժողովի անգամ մեկ նիստից անհարգելի բացակայելն ինքնըստինքյան Սահմանադրության խախտում է: Այն, որ սահմանադրական դատարանն իր հիշյալ որոշմամբ այսուհետ սահմանափակում է Ազգային ժողովի օրենսդրությամբ ամրագրված որոշ լիազորություններ, հարկ է դիտարկել Սահմանադրության 5-րդ հոդվածով ամրագրված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի ծիրում, սահմանադրական արդարադատություն իրականացնող բարձրագույն դատական ատյանն իրավասու է որոշակի օրենսդրական ակտեր Սահմանադրությանը հակասող ճանաչելով սահմանափակել ընդհուպ օրենսդիր իշխանություն իրականացնող մարմնի իրավասությունը: Հենց սրանով է ընդգծվում քննարկման նյութ հանդիսացող որոշման առանցքային նշանակությունը:

Նշված իրավական դիրքորոշումներն առաջին հերթին միտված են հենց խորհրդարանական փոքրամասնության իրավունքների լիարժեք երաշխավորվածությանը, քանզի ակնհայտ է, որ այսուհետև սահմանափակվում են հենց քաղաքական մեծամասնության իրավական հնարավորությունները, սահմանադրական դատարանը որոշման էական հատվածը հատկացրել է բացառապես քաղաքական փոքրամասնության կարգավիճակի աննախադեպ վերանայման անհրաժեշտությանը: Մասնավորապես, վերլուծելով ինչպես Սահմանադրության խնդրո առարկա հիմնադրույթները, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերում արտացոլված մոտեցումները, սահմանադրական դատարանն ամրագրել է այնպիսի չափանիշներ, որոնք Ազգային ժողովին այսուհետ ուղղորդելու են խիստ կանխատեսելի իրավական բարելավումների:

Ի դեպ, սամանադրական դատարանի այս որոշումն արտառոց է նաև այն տեսանկյունից, որ դրանում անդրադարձ կա Սահմանադրության 62-րդ և 67-րդ հոդվածների միջև «առերևույթ անհամապատասխանությանը»։ Ընդ որում, ելակետ է ընդունվել այն, որ այդ բնույթի անհամապատասխանությունները «կարող են հաղթահարվել Սահմանադրության արժեբանության ու հիմնարար սկզբունքների վրա հենվելով». ըստ այդմ էլ սահմանադրական դատարանը գտել է, որ դրա համար անհրաժեշտ իրավական նախադրյալների ստեղծումն օրենսդիր իշխանության գործունեության ապահովման կարևորագույն երաշխիքներից մեկն է:

Բնորոշ է նաև այն, որ սահմանադրական դատարանը հատուկ անդրադարձել է «քաղաքական բոյկոտ» եզրույթի և պատգամավորների նիստերից բացակայելու խնդրի փոխհարաբերությանը: Այս տեսանկյունից խիստ ուշագրավ միտք է արձանագրվել. «... իրավական առումով անհիմն է Ազգային ժողովի նիստերից բացակայելը որպես «քաղաքական բոյկոտ» ներկայացնելը»։

Այսպիսով, սահմանադրական դատարանն իր որոշմամբ ոչ միայն անդրադարձել է Սահմանադրությանը հակասող օրենսդրական դրույթներին, այլև իր սահմանդրաիրավական կարգավիճակի սահմաններում ամրագրել է իրավական դիրքորոշումներ, որոնք միտված են օրինաստեղծ մարմնի գործունեությունն առավել ժողովրդավար ու միջազգային չափանիշներին համարժեք դարձնելու գերխնդրի լուծմանը:

Գևորգ Դանիելյան
ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական,
«Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի
նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր

Հեղինակ:
«Փաստինֆո»