Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ հրաժարականից և վերանշանակումից հետո այնպիսի շշմեցուցիչ փոփոխություններ են երբեմն նկատվում, որ սկսում է թվալ, թե կա՛մ «շղթայված ձեռքերն ազատ են արձակվել» և մարդը որոշել է այնպես անել, որ իր հետևից միայն օրհնեն, կա՛մ ինչ-որ բան այն չէ և առնվազն Սունդուկյանի անվան թատրոնի բեմն է «լացելու՝ գիտակցելով, թե ի՜նչ կադր է կորցրել»:

Տիգրան Սարգսյանն այսօր չլսված ու չտեսնված մի բան արեց՝ «քար գցեց» իր մերձավորագույն, ամենասիրելի, ամենանվիրական անձնավորության բիզնեսի «բոստանը»: Վարչապետը հենց կառավարության նիստի ժամանակ բացեիբաց կարգադրեց զրկել Բարսեղ Բեգլարյանին՝ եկամտի աղբյուրներից մեկից: Տիգրան Սարգսյանն, ինչպես հայտնի է, այն նույն վարչապետն է, ում հսկողությամբ ամեն տարի պետբյուջեի գումարների մի ահռելի չափաքանակ հոսում է նույն Բարսեղ Բեգլարյան-օլիգարխի հաշվեհամարին (ամենաթարմ օրինակներից մեկը դիզվառելիքի, բենզինի պետգնումներում «Ֆլեշ» ընկերությանն առաջնություն տալն է): Իհարկե, բենզինի, դիզվառելիքի և մյուս բոլոր բիզնեսների համեմատությամբ Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ)՝ իր շտեմարանային և այլ բիզնեսներով այն եկամուտը չէր, հանուն որի Բարսեղ Բեգլարյանը կարող է հանկարծ ու նեղանալ իր աճեցրած և վարչապետ դարձրած կադրից, այնուամենայնիվ, եղածն էլ բավական է՝ վարչապետի վարքում տարօրինակ փոփոխություններ արձանագրելու համար:

Եվ այսպես, ամեն ինչ սկսվեց առավելագույնս անմեղ բեմականացմամբ: Հերթական հարց ներկայացնելու համար ամբիոնին մոտեցած Կարինե Հարությունյանից (Արմեն Աշոտյանն այսօր բացակայում էր և իր փոխարեն կառավարություն էր ուղարկել իր տեղակալին) վարչապետը նախ ամենաանմեղ ձևով հետաքրքրվեց, թե ինչու դասագրքերը հասանելի չեն էլեկտրոնային տարբերակով, ինչին տիկին Հարությունյանը պատասխանեց ավելի քան հիմնավոր կերպով՝ տեղեկացնելով, որ արդեն տևական ժամանակ է՝ հասանելի են, նախարարությունը կից ունի կրթական պորտալ, որտեղ բոլոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակները կան:

Շոուի առաջին և անմեղ մասն ավարտվեց: Եվ հանկարծ վարչապետը նույն անմեղագույն, ամեն ինչից անտեղյակ մարդու տոնով ուղղեց երկրորդ հարցը. «Իսկ ինչո՞ւ ընդունելության քննությունների շտեմարանները հասանելի չեն մեր քաղաքացիներին»: Լրջագույն և խորը պաուզա: Փոխանախարարը, մեղմ ասած, կորցրեց խոսելու ընդունակությունը: Ինչպես հայտնի է, դեռ մի քանի տարի առաջ հենց նույն մարդու՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ԳԹԿ-ն հանվեց Կրթության և գիտության նախարարության կազմից և սկսեց գործել Բարսեղ Բեգլարյանի հսկողության ներքո: Որոշ տեղեկություններով՝ սույն բիզնեսի մեջ որոշակի մասնաբաժին ունի նաև փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Նման բարձր հովանավորությունն էլ հնարավորություն է ընձեռում ԳԹԿ «ուղեղներին»՝ ամեն տարի մեկը մյուսից հանճարեղ շտեմարաններ թխել և հրամցնել դիմորդներին. շտեմարանների գինը տատանվում է 2500-4500 դրամի սահմաններում, բնականաբար, հազարավոր տպաքանակների պարագայում դա քիչ գումար չէ:

Փոխնախարար Հարությունյանը, վերագտնելով ինքն իրեն, հայտնեց, որ ԳԹԿ-ն իրենց վերահսկողությունից դուրս է, էլի ինչ-որ բան շշնջաց, ինչից սակայն վարչապետը չընկրկեց և իմպերատիվ կերպով հայտարարեց. «դրա վրա բիզնես անելը, կարծում եմ, ճիշտ չի՛»:

Երբ նիստից հետո փոխնախարարից հետաքրքրվեցինք, թե վարչապետի հրահանգը ինչ ժամկետում կկատարվի, դարձյալ սթափ պատասխան լսեցինք՝ թե «ԳԹԿ-ն մերը չէ, դեռ պետք է հետաքրքրվենք…»։

Տիգրան Սարգսյանն իր այսօրվա կարգադրությունը համաձայնեցրե՞լ էր արդյոք Բարսեղ Բեգլարյանի հետ, վերջինս համաձայնե՞լ էր հանուն իրեն այդքան նվիրված և իր բիզնեսների համար այսքան տարի կանաչ լույս վառած (իհարկե, Սերժ Սարգսյանի ուսանողական ընկեր Բարսեղ Բեգլարյանն այն մարդը չէ, որ Տիգրան Սարգսյանի հույսին մնացած լիներ) մարդու հեղինակության բարձրացման համար հրաժարվել իր «փոքրագույն» բիզնեսներից մեկից: Չի կարելի բացառել: Ինչպես չի կարելի բացառել և այն, որ վերանշանակումից հետո վերանշանակողը նաև «ազատել է» Տիգրան Սարգսյանի ձեռքերը և հորդորել գոնե այս ժամկետում, գոնե մեկ-մեկ դրսևորվել նաև որպես հասարակ քաղաքացիների շահերը սպասարկող վարչապետ:

Լուսինե Կեսոյան