Թերթի տեղեկացմամբ' Գյումրիի կրակոցների փաստով ձերբակալված Գևորգ Խաչատրյանը ոստիկանությանն է ներկայացրել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ և փամփուշտատուփ' լիցքավորված 5,45մմ տրամաչափի 14 փամփուշտով' հայտարարելով, որ ինքը ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում այդ ինքնաձիգով ցանկացել է հետապնդել Վահե Ղուկասյանին, ով փոխհրաձգության ընթացքում հրազենային վնասվածքներ է պատճառել իր հորը' Հարություն Խաչատրյանին:

Թերթի տեղեկություններով' Գևորգ Խաչատրյանը և Վահե Ղուկասյանը, ով ավելի վաղ էր ձերբակալվել, կպահվեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «Զրոներ» կոչվող մասնաշենքում:

«Հաշվի առնելով, որ ձերբակալվածները կարող են վրեժխնդիր լինել նաև անազատության մեջ, ՔԿՀ վարչությունը որոշում է կայացրել նրանց տեղափոխել խստացված ռեժիմով' նախկինում որպես ԱԱԾ մեկուսարան ծառայած մասնաշենք:

Հայտնի է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «Զրոներ» մասնաշենքի բանտախցերի կալանավորները պահվում են խստացված ռեժիմի պայմաններում: Այստեղ կալանավորները դուրս են բերվում մեկ առ մեկ, նրանք իրավունք չունեն շփվել միմյանց հետ, զրկված են այլ խցերում պահվող դատապարտյալների հետ հարաբերվելու հնարավորությունից»,- գրում է թերթը: