Այսօր կեսօրին ՀՅ դաշնակցությունը հերթական նախընտրական քայլարշավն էր կազմակերպել, այս անգամ Արաբկիր վարչական շրջանում' Կոմիտասի շուկային հարող տարածքից դեպի մետրոյի «Բարեկամություն» կայարան:
Haynews.am-ի փոխանցմամբ՝ երթը գլխավորում էին ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչներ, կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնող Աղվան Վարդանյանը և Արսեն Համբարձումյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:

Երևանի ավագանու թեկնածուներն ողջունում էին իրենց հանդիպած Արաբկիրի և այլ վարչական շրջանների բնակիչներին, հարցնում գնալո՞ւ են արդյոք ընտրության և դրական պատասխան ստանալուց հետո առաջարկում ընտրել համար 5-ին, ինչին ի պատասխան' ոմանք ժպտում էին և վստահեցնում, թե կընտրեն, որոշներն էլ էլ դժկամությամբ էին ընդունում ՀՅԴ-ին ձայն տալու հորդորը, ընդհանուր առմամբ սակայն, քարոզարշավն անցավ արդյունավետ և որոշակի ձայներ «նվաճվեցին»:

Ի դեպ, Դաշնակցական գործիչների քարոզչական ողջույնից անմասն չմնացին նաև «Բարև Երևան» դաշինքի համախոհ երիտասարդները: Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում արձանագրվեցին նաև ուշագրավ դեպքեր. նախ' ՀՅԴ նախընտրական շտաբի հարակից տարածքում Աղվան Վարդանյանին մոտեցավ ՕԵԿ անդամ տիկին Ռիման, վերջինը դժգոհեց, թե համատիրությունները ոչ մի հարց չեն լուծում, մասնավորապես' իրենց շենքի ջրի խողովակները բարոյապես մաշված են, բայց փոխելու ոչ մի ցանկություն պատկան մարմինների մոտ չի տեսնում: Տիկին Ռիման ցանկացավ հիշեցնել, որ Արաբկիրի նախկին թաղապետ,Երևանի ավագանու ՕԵԿ ցուցակի անդամ Հովհաննես Շահինյանն այդպես էլ ոչ մի լուրջ գործ չարեց համայնքի համար, այնուհետ' Դաշնակցական գործիչներին պատահաբար հանդիպեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀԺԿ երբեմնի անդամ Էմմա Խուդաբաշյանը:

«Կոալիցիայից դուրս եկաք և ողջ իշխանությունը հանձնեցիք ՀՀԿ-ին»,- Աղվան Վարդանյանին դիմեց նա:

Դաշնակցական գործիչն առիթն օգտագործելով' նախկին ՀԺԿ անդամին կոչ արեց ընտրել Դաշնակցությանը, որպեսզի քաղաքային իշխանությունն իրենց ձեռքում լինի:

Արաբկիր վարչական շրջանից հետո Աղվան Վարդանյանը և Արսեն Համբարձումյանն այցելեցին Կենտրոն համայնք, որտեղ նրանց միացավ Երևանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Արմեն Ռուստամյանը: Տիգրան Մեծ 36 հասցեում բնակվող երևանցիներին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը վստահեցրեց, որ մանր կենցաղային հարցերը չեն լուծվի, եթե համակարգային և քաղաքական փոփոխություններ չլինեն, իսկ դրանք հնարավոր են միայն ընդդիմադիր քաղաքապետի առկայության պարագայում:

«Բա չլինի մի այլընտրանք, որին կարողանաք դիմել: Մինչև ե՞րբ պետք է բոլոր մակարդակներում ղեկավարումը հանձնված լինի ՀՀԿ-ին, մինչև ե՞րբ պիտի հանդուրժենք այս մենիշխանությունը, կրծքանշանին և անհատին նվիրվածությունն ապացուցելու մոլուցքը, որից շահում են միայն մի խումբ մարդիկ, իսկ մեծ մասն արտագաղթում է, չգնացածներն էլ վստահեցնում' ճար ունենամ կգնամ: Տուն չկա, որ մի ղարիբ դրսում չունենա: Սա չի կարող շարունակվել: 1920 թվից հետո մենք իշխանություն չենք եղել, եղել ենք իշխանության մաս, հիմա եկել է ժամանակն ամբողջական իշխանություն ունենալու, տվեք մեզ այդ հնարավորությունը և փոփոխություն կտեսնեք ոչ միայն Երևանում, այլև' Հայաստանում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Իր հերթին Աղվան Վարդանյանն ընդգծեց. «Սա անձի ընտրություն չէ, այլ քաղաքական ուժի: Տարոնին'էդ ջահել տղուն դեմ են տվել, որ «ծածկեն» իրենց, որովհետև երես չունեն ասելու' ընտրեք ՀՀԿ-ին: 4 տարում 3 քաղաքապետ են նշանակել և չի բացառվում, որ մի աննշան սխալի համար էդ ջահել տղուն էլ հետո փոխեն»:

HayNews.am