«Եթե ըտենց բան են ասում, թող դիմեն իրավապահ մարմիններին, պարզեն'ո՞վ ա գողացել, ինչի՞ ա գողացել: Ես խորհուրդ կտայի քաղաքական ուժերին իրենց անելիքների մասին քարոզ անեին, նոր քննադատեին ՀՀԿ-ին»,- այսօր Երեւանի Ավան վարչական համայնքում Aravot.am-ի հարցին՝ ավագանու ընտրություններին մասնակից մյուս քաղաքական ուժերն իրենց քարոզարշավի ժամանակ անընդհատ ասում են, որ իշխանությունները՝ ՀՀԿ-ականները, իրենց իշխանության շրջանում զբաղված են եղել թալանով եւ ոչ մի բան չեն արել մայրաքաղաքի եւ հանրապետության համար, ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը: Նա Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի աներձագն է:

Մեր հաջորդ դիտարկմանը, որ ասենք, ՀԱԿ-ն իր հիմնական մրցակցին համարում է ՀՀԿ-ին, իսկ ՀՀԿ-ն ո՞ւմ է համարում իր հիմնական մրցակիցը, Տարոն Մարգարյանի աներորդին ասաց. «Մենք ըտենց չենք: Բոլորին էլ հավասար մրցակից ենք համարում, քանի որ բոլորն էլ մասնակցում են»: Մեր մյուս հարցին՝ ինչո՞վ է բացատրում այն հանգամանքը, որ քարոզարշավի ընթացքում խոչընդոտեցին հենց ՀԱԿ-ի քարոզչական պաստառներ բաժանողներին, ինչո՞ւ ՀԱԿ ակտիվիստի, լրագրողի նկատմամբ ՀՀԿ ավագանու անդամները բռնություններ կիրառեցին, Սարգսյանն ասաց. «Գիտեք, մարդիկ կան, որ ուզում են արջի ծառայություն անել: Մենք դրան դեմ ենք»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ դեմ լինելով ՀՀԿ-ն ոչինչ չի անում, ինչո՞ւ այդ անձին չհեռացրեցին ՀՀԿ ավագանու ցուցակից, Սարգսյանը պատասխանեց. «Հարցը իրավապահների մոտ է: Կպարզվի…եթե մեղավոր են՝ կպատժվեն»: Ինքը, Սարգսյանն այդ անձին չի ճանաչում եւ անձամբ չի փորձել բարոյախրատական թեմաներով զրույց ունենալ նրա հետ: Հիշեցնենք, որ «Տուրբո» մականունով անձը, ով ՀՀԿ ավագանու ցուցակում է ընդգրկված, Նորք վարչական շրջանում Տարոն Մարգարյանի քարոզարշավից առաջ խոչընդոտել էր ilur.am-ի թղթակցի աշխատանքը, քաշքշել էր նրան: Ընդհանուր առմամբ Ռոբերտ Սարգսյանը դրական է գնահատում քարոզարշավի ընթացքը եւ կարծում է, որ երեւանցիներն իրենց քվեն տալու են «աշխատող մարդուն»: Այսինքն՝ ՀՀԿ-ին ու Տարոն Մարգարյանին: