ՀՀ դատախազությունը րոպեներ առաջ է ստացել ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի' (ՀԱԿ) հանցագործության մասին հաղորդումը, որը ՀԱԿ-ը ներկայացրել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին' պահանջելով քրեական գործ հարուցել, պարզել Երեւանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը եւ պատասխանատվության ենթարկել նրան:

ՀՀ դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց. «Քանի որ հաղորդումը այսօր ժամը 12:30-ին է ստացվել ՀՀ դատախազություն, նոր է մուտք եղել, առայժմ չեմ կարող ասել, թե ում կմակագրվի, օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի»:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը պահանջում է բացահայտել, թե Տարոն Մարգարյանը միլիոնների հասնող իր ունեցվածքը արդյո՞ք ձեռք չի բերել կոռուպցիայի, «ատկատների» կամ «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու» միջոցով: Հանցագործության մասին հաղորդման մեջ Կոնգրեսը վկայակոչել է պաշտոնական փաստաթղթեր' 2005-ին, 2007-ին եւ 2013-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված Տարոն Մարգարյանի գույքի եւ եկամուտների հայտարարագրերը:

Քրիստինա Մկրտչյան