Բելգիական RTL-TVI մասնավոր հեռուստաալիքի եղանակի տեսության հեռուստամեկնաբան, մեծ ժողովրդականություն վայելող Լյուկ Թրյուլլեմանսը եթերից, ապա և՝ աշխատանքից հեռացվել է «Facebook» իր էջում ռասիստական և հակաիսլամիստական բնույթի արտահայտություններ անելու համար:

RTL-TVI-ում ավելի քան 20 տարի աշխատած Թրյուլլեմանսը համացանցում իր ընկերների հետ կիսել է բելգիական հասարակության մեջ մահմեդականների ինտեգրացման հիմնախնդիրների մասին իր որոշ մտքեր: Նա Բելգիա ժամանող իսլամի հավատացյալներին առաջարկել է կամ հետևել այդ երկրում պատմականորեն ձևավորված արժեքներին և ավանդույթներին կամ վերադառնալ իրենց պատմական հայրենիք և ապրել այնտեղ սեփական օրենքներով:

Հեռուստամեկնաբանի այդ մտքերը համացանցում տարածվելով առաջ բերեցին քննարկման մեծ ալիք: Իսկ RTL-TVI հեռուստաալիքի ղեկավարությունը դրանից հետո որոշեց, որ այդպիսի մտքերը հարիր չեն հանրային անձին և չեն համապատասխանում իրենց հեռուստաալիքում նրա կարգավիճակն ունեցող մարդուն, հաղորդում է «РИА Новости»-ն:

Ինքը Թրյուլլեմանսը արդեն ներողություն է խնդրել իր արտահայտությունների համար և դրանք հանել «Facebook» -ից: Հեռուստամեկնաբանի ասելով հեռուստաալիքի ղեկավարները զանգել են իրեն և արդարացել, որ ստեղծված կացության մեջ իրենք այլ ընտրություն չեն ունեցել, քանի որ նրան աշխատանքից ազատելու որոշումն իրենք ընդունել են «վերադասի ճնշման ներքո»:

Հեղինակ:
«Փաստինֆո»