Slaq.am. Մենք շարունակում ենք ներկայացնել վերջին գումարման ԱԺ պատգամավորների անցած ուղին: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Էլինար Վարդանյանն ԱԺ-ում նորեկ է, նա պատգամավոր է ընտրվել ԲՀԿ-ի համամասնական ցուցակով:

Վարդանյանը 5-րդ գումարման խորհրդարանական նիստերից բացակայել է 29 անգամ:

Ըստ parliamentmonitoring.am կայքի, այս ամիսների ընթացքում նա մեկ անգամ հանդես է եկել հարցադրումով, սակայն ոչ մի անգամ ելույթներ չի ունեցել:

Ստորև ներկայացնում ենք Էլինար Վարդանյանի կենսագրական տվյալները.

Ծնվել է 1978թ. նոյեմբերի 18-ին Երեւանում:

2000թ. ավարտել է Երեւանի դատական փորձաքննությունների ինստիտուտը: 2008թ.' ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան: Իրավագետ-փորձագետ:

2000-2002թթ. դասավանդել է Երեւանի դատական փորձաքննությունների ինստիտուտում, 2005-2007թթ.' Հյուսիսային համալսարանում: 2002-2008թթ. աշխատել է Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնի գործադիր տնօրեն, 2005-2009թթ.' «Էլեկտրաապարատ» ԲԲԸ իրավախորհրդատու, 2008-2012թթ.' «Առաջին հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության իրավախորհրդատու: 2009-2012թթ. եղել է «Միջազգային խորհրդատվական խումբ» ՓԲԸ տնօրեն: 2008-2012թթ.' «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի «Հեռանկար» ծրագրի համակարգող:

2001թ. ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Գիտական մի շարք աշխատությունների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Էլինար Վարդանյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան' 72.5 քմ մակերեսով:

Տարեկան դրամական եկամուտը' 8 մլն 160 հազ. դրամ, (660 հազ. դրամը աշխատավարձ, մնացածը' շահաբաժին և մեքենայի վաճառքից ստացված եկամուտ):

Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ' 26 մլն ՀՀ դրամ, 15 հազ. 300 դոլար:

Շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի: