Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքի պետ Գոռ Մանուչարյանի հանձնարարականով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ մայիսի 1-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ժամը 17:00-ի սահմաններում «ГАЗ 24 10» մակնիշի՝ 62 SL 928 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս-Տաթև ավտոճանապարհի՝ Սատանի կամրջի մոտ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և գլորվել ձորը:

Ավտոմեքենան հայտնվել էր ձորում իրենց ժամանցը անցկացնող քաղաքացիների վրա, ինչի հետևանքով 6 հոգի մահացել էին, 4 հոգի՝ տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ վթարի հետևանքով մահացել են ավտոմեքենայի վարորդ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ 37-ամյա Վրույր Ղազարյանը և Քարահունջ գյուղի բնակիչներ 15-ամյա Աիդա Թունյանը, 6-ամյա Սերոբ Ղազարյանը, 11-ամյա Սիլվիկ Ղազարյանը, 29-ամյա Հերմինե Օհանջանյանը, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ 40-ամյա Հայկ Մարտիկյանը, իսկ վիրավորներն են Քարահունջ գյուղի բնակիչներ 24-ամյա Գրիգոր Ավետյանը, 21-ամյա Նոնա Թունյանը և 10-ամյա Վահե Թունյանը:

Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ, ինչպես նաև նույն վաշտի հետաքննիչ Վանիկ Սաղոյանը, Գորիսի քննչական բաժանմունքի քննիչ Սամվել Սամվելյանը:

Տեղում էին նաև ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզի փրկարար վարչության Գորիսի հրշեջ-փրկարարները:

Վիրավորներին և մահացածներին ձորից դուրս բերելու համար ճանապարհային ոստիկաններին, հրշեջ-փրկարարներին, Գորիսի հիվանդանոցի անձնակազմին մեծ օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ովքեր առաջին պահից ցուցաբերել են հնարավոր ամեն ինչ, մինչև կժամանեին համապատասխան կառույցի ներկայացուցիչները: