Ազգային ժողովում այսօր աննախադեպ իրավիճակ էր: 12.10. պատգամավորները դեռ նիստերի դահլիճում էին, անցավ էլի ժամանակ, էլի ոչ ոք դուրս չէր գալիս: Միայն Սամվել Ալեքսանյանն էր դուրս եկել, կարմիր ֆոյեում կանգնած՝ մեկի հետ զրուցում էր: Անց կես, անց 40… Քանի որ 12.05 էի հասել, լավ պահերը, պարզվեց, բաց էի թողել. սովորույթի համաձայն, պատգամավորները փորձել էին դուրս գալ հենց այն ժամանակ, երբ Արգամիչը խոսել էր, «շեֆն» էլ բռնել՝ կատաղել էր՝ թե «շնորք չունե՞ք, խոսում եմ», և քվեարկությունը հետաձգել էր՝ պատգամավորներին ստիպելով օրինագծերի քննարկում լսել:

Այսինքն՝ չտեսնված մի բան, որ, ասենք, Կարեն Սարիբեկյանը, Նահապետ Գևորգյանը, Գրիգորի Մարգարյանը, Մհեր Սեդրակյանը, գեներալիտետը, բացի մի 10-20 պարտաճանաչ պատգամավորից, մնային դահլիճում… Նման բան խորհրդարանի պատերը հազվագյուտ են «տեսնում»:

Արդեն ընդմիջմանն ԱԺ նախագահը դուրս եկավ ֆոյե՝ Մարգարիտ Եսայանի՝ մեր խորհրդարանի համար բավական խորհրդանշական՝ «Գժանոց կամ թեժ աշուն» վերնագրով գրքի շնորհանդեսին, որի ժամանակ էլ լրագրողները մի քանի հարց ուղղեցին Արգամիչին:

- Պարո՛ն Աբրահամյան, ինչու՞ բարկացաք պատգամավորների վրա:

- Չե՛մ բարկացել: Ես ուղղակի հիշեցրել եմ իրենց, որ իրենք պարտավոր են մասնակցել Ազգային ժողովի նիստերին և քանի որ հիմա ընտրություններ ունենք Երևանի ավագանու նիստերի, ես մի քիչ ըմբռնումով եմ մոտենում, որովհետև պատգամավորների մեծ մասն ընդգրկված են այդ քարոզարշավին. մենք այս անգամ էլ ներողամիտ կլինենք, բայց հաջորդ նիստերին, իհարկե, ինչ-որ մենք պայմանավորվանք, ես իրագործելու եմ: Հիմա էլ բոլոր մասնակիցների անունները լինելու են մեր կայքում և փորձելու ենք հասարակությանը տեղյակ պահել իրենց մասնակցության մասին:

- Մի քիչ ուշացած չի՞ Ձեր կարգուկանոնը:

- Կարգուկանոն միշտ եղել է:

- Բա ինչու՞ չեն ենթարկվել:

- Հիմա ուզում ենք ավելի խստացնենք:

- Հիմա քվեարկությունները տեղափոխելու եք, որպեսզի պատգամավորները մասնակցե՞ն նիտերին (Լ.Կ.):

- Ես ֆրակցիաների ղեկավարների հետ կքննարկեմ և եթե այլ ձևաչափում չկարողանանք պայմանավորվածություն ձեռք բերել, կփորձենք հարցի քննարկումն ավարտելուց հետո կազմակերպել քվեարկություն: Իսկ եթե պատգամավորները կմասնակցեն նորմալ նիստերին…

- Դե, մասնակցությունը 5 րոպե է տևում, կարծում եմ, Դուք էլ եք տեսնում (Լ.Կ.):

- Ո՛չ, ո՛չ:

- Իսկ պատասխանատվության մեխանիզմներ հնարավոր է՞ կիրառեք:

- Այո, կպատժենք էլ: Աշխատավարձից զրկելու ենք, նիստերին չմասնակցած պատգամավորներին փորձելու ենք պատվիրակությունների կազմում չընդգրկել, գործուղումների չուղարկենք: Տարբեր մեխանիզմներ ենք մշակելու:

- Գագիկ Ծառուկյանը չի գալիս, աշխատավարձ չի՞ ստանալու:

- Անկախ անուն-ազգանունից, ով չմասնակցի՝ չի ստանալու:

- Իսկ չարժի՞ մեկ-երկուսին գոնե մանդատից զրկել, որ մյուսները սթափվեն: Կարող եք Էթիկայի հանձնաժողովը գոնե օգտագործել դրա համար: Ռուսաստանի Դաշնությունում փորձում են այդ հանձնաժողովի դերը բարձրացնել, այնտեղ արդեն նախադեպեր կան, գուցե մեզ մո՞տ էլ արժի պատժել (Լ.Կ.):

- Ինչի՞ չարժի: 51 տոկոս և ավելի անհարգալից մասնակիցներ լինեն՝ կզրկվեն: Հիմա օգտագործում ենք, օրենքի փոփոխություն ենք անում, որ Էթիկայի հանձնաժողովում մարդիկ քննարկեն նաև պատգամավորների բացակայությունները:

Փոխվե՞լ են արդյոք խաղի կանոնները, իսկապե՞ս կլինեն պատիժներ, թե՞ էլի «պատգամավոր» կոչվածի հիմնական գործառույթը մի 5 րոպեով նիստի գալ, կոճակ սեղմել ու «թռնելն է» լինելու, կերևա առաջիկայում:

Լուսինե Կեսոյան