Ապրիլի 23-ին Գյումրում տեղի հնչած կրակոցների և դրա հետևանքների շուրջ «Ժողովուրդ»-ը փորձել է ձեց մեկնաբանություններ ստանալ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից:

-Պարոն Ղուկասյան, այս ի՞նչ խառնաշփոթ և վախի մթնոլորտ եք ստեղծել Գյումրիում: Ի՞նչ է կատարվում Ձեր և ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի հարազատների միջև, ինչպե՞ս կբացատրեք մարդկանց օրը ցերեկով ահաբեկելու Ձեր հարազատների վարքը:

-Հիմա ասեմ, Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը լսե՞լ ես:

-Այո՛, լսել եմ:

-Ապրես, որ լսել ես: Նախավերջին քառատողը գիտե՞ս:

-Իսկ Դո՞ւք:

-Ամենողորմ Տեր, ողորմիր Քեզ հավատացողներին' յուրայիններին ու օտարներին, ծանոթներին ու անծանոթներին, կենդանիներին ու մեռյալներին. թողություն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ատողներին ինձ դեմ գործած հանցանքների համար և ետ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ, որպեսզի նրանք էլ արժանի լինեն Քո ողորմությանը. և ողորմիր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: Էսքան բան, էլ բան չունեմ ավելացնելու:

-ԱՄԵՆ: Բայց, ի վերջո, չհասկանանք, թե ինչ է կատարվում: Ձեր գերդաստանի անունն ամեն տեղ թնդում է: Ավելին, Ձեր եղբոր տղան՝ Վահե Ղուկասյանը, խոստովանել է, որ մարդասպան է:

-Ով ինչ արել է, պետք է պատասխան տա: Օրենքի առաջ բոլորը պետք է պատասխանատու լինեն, ոչ ոք արտոնյալ չպետք է լինի: Ես այդպես ապրում եմ, այդպես գիտեմ և այդպես էլ ճիշտ եմ գտնում: Դատապարտում եմ այդպիսի գործառույթները, այդպիսի ձևերով հարցեր լուծելը, բայց հետագայում կտեսնենք, թե ինչ ցույց կտան քննչական արդյունքները:

-Եթե պատասխանատվության հարց եք բարձրացնում, այս դեպքում Ձեր եղբոր տղան է ձերբակալվածը, ուրեմն ընդունո՞ւմ եք, որ նա է մեղավորը:

-Կանցնի, կերևա՝ մեղավոր է, թե մեղավոր չէ:

-Ի՞նչը կանցնի, ինչի՞ եք սպասում:

-Ես գիտեմ միայն, որ ինքը 23 տարեկան տղա է ու երբեք նման հարցերի շուրջ չի մեղադրվել ոչ մի անգամ:

-Միգուցե եղել է, Դո՞ւք չգիտեք:

-Դատական պրոցեսները ցույց կտան:

-Լավ, հասկացանք, սպասում եք դատական գործընթացների ավարտին, բայց գյումրեցիների համար կատարվածը զարմանալի չէր, քանի որ նշում են, թե Ձեր և Մարտուն Գրիգորյանի միջև հակամարտությունը մշտապես եղել է, ավելին, ապրիլի 23-ի կրակոցները Ձեր փեսայի սպանության հետ են կապում:

-Նման բան չկա: Մենք նրանց հետ թշնամիներ չենք: Այս պահին էլ ես իրենց թշնամի չեմ ճանաչում: Ինձ հասկանալի է, թե ինչ կապ ունեն նրանք կամ ում ինչ արել են՝ գնացել է և պատասխանատվություն է կրում: Կրկնում եմ՝ մենք թշնամիներ չենք, իր հորեղբայրը մեր ընկերն է'Համլետ Գրիգորյանը: Մենք ընտրությունների ժամանակ իրենց ենք պաշտպանել, և էն գլխից էլ, որ Մարտուն Գրիգորյանը պատգամավոր դարձավ, մենք իրեն ենք պաշտպանել և թշնամիներ չենք: Թշնամիներ լինում են քաղաքականության մեջ՝ «Բարգավաճ»-Հանրապետական, չգիտեմ ինչ, այդ սկզբունքներով գնում են առաջ: Բայց մենք թշնամի չենք, և մեր թշնամիներին էլ թող Աստված իմաստություն տա: Հավատա ինձ, ես թշնամի չունեմ, և որևիցե տղա իմ թշնամին չէ: Ում երակների մեջ հոսում է հայի արյունը, նա թշնամի չունի, միգուցե իրենք այդպես են մտածում, բայց ես չունեմ:

-Եթե թշնամի չունեք, ինչպե՞ս կբացատրեք կրակոցները, ինչին ականատես եղան գյումրեցիները:

-Ես ոչ մի բան չգիտեմ: Խաղաղություն ամենեցուն, և եթե լինում են նման դեպքեր, խելացի մարդը դատապարտում է: Եվ ում էլ որ մեծն է հրահրում, և ով էլ որ հրահրում է երիտասարդներին նմանատիպ բաների, ապա կասեմ, որ այդ մեծը Աստծուց պետք է սատակի:

-Փաստորեն, երիտասարդներին հրահրե՞լ են: Ո՞վ:

-Էլ մի լեզվիդ ճարտարություն արա: Այսքան բան կասեմ քեզ և մի բան էլ. նա, ով չի կանխում այս ամենը, նա լավ մարդ չէ:

-Իսկ այդքան զենք-զինամթերք, թմրանյութ, որ հայտնաբերվեց նաև Ձեր հարազատների մոտ, դա ո՞նց եք բացատրում:

-Դա ինձ հետ կապ չունի, ասի վերջ: Ցտեսություն: