Այսօր՝ մայիսի 5-ին, Երևանում անց են կացվում ավագանու խորհրդի ընտրություններ:

Առաջադրված քաղաքական ուժերը 7-ն են՝ «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Օրինաց երկիր» կուսակցություններն ու «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ավագանու ընտրություններին կմասնակցի 195 հոգուց բաղկացած ընտրացուցակով, որը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակն ընդամենը մեկ թեկնածուով է պակաս ՀՀԿ ցուցակից։ 194 հոգանոց ցուցակը գլխավորում է ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

ՀՅԴ ավագանու ընտրացուցակը բաղկացած է 65 հոգուց, որը գլխավորում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Բա՛րև, Երևան» կուսակցությունների դաշինքն ընտրություններին կմասնակցի 64 հոգանոց ընտրացուցակով. այն գլխավորում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

«Հայ ազգային կոնգրեսը» կմասնակցի 42 հոգուց բաղկացած ցուցակով. այն գլխավորում է Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։

«Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը. ցուցակը բաղկացած է 105 հոգուց։

«Առաքելություն» կուսակցության ընտրացուցակը բաղկացած է 29 հոգուց, որը գլխավորում է Մեսրոպ Առաքելյանը։

Վերջին երկու կուսակցությունների ընտրական ցուցակից քարոզարշավի ընթացքում եղել է մեկական ինքնաբացարկ։

Ընտրողների վերջնական թիվը 816475 է, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձինք են:

Ըստ ոստիկանության հրապարակած տվյալների՝ Երևան քաղաքի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ընտրողների թիվը ՀՀ Նախագահի ընտրություններից հետո չի աճել, իսկ 26.03.2013 թ. հրապարակված Երևան քաղաքի ընտրողների թվի համեմատ (817814) ընտրողների վերջնական թիվը նվազել է 1339-ով: