Shamshyan.com. «Ընտրախախտումներ չեն եղել, իսկ ընտրությունների ընթացքը գնահատում եմ գերազանց»,- այս մասին անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքին' նշեց Երևանի Արաբկիր վարչական շրջանի թիվ 5/25 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նունե Ալեքսանյանը:

Նա ընտրողների մասնակցության մակարդակը միջին գնահատեց, սակայն նշեց, որ այն բավական բարձր է եղել առավոտյան և կեսօրին: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ 19:00-ի դրությամբ ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 780 ընտրող, իսկ ընտրողների ընդհանուր քանակը կազմում է 1706 ընտրող:

Իր հերթին, ՀԱԿ վստահված անձ Ալեքսան Հայրապետյանը նշեց, որ տեղամասում ոչ մի խախտում չի նկատել, իսկ քվեարկությունն անցել է շատ հանդարտ և իր լիազորությունների իրականացմանը ոչ ոք չի խոչընդոտել. «Շատ հետաքրքիր է, բայց ընտրախախտումներ չկան»,- շեշտեց ՀԱԿ ներկայացուցիչը

Իսկ թիվ 5/24 ընտրատեղամասի ԲՀԿ վստահված անձ Գառնիկ Վարդերեսյանը մեր թղթակցի հետ զրույցում նկատեց, որ տեղամասում ոչ մի կուտակում, ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել և ամեն ինչ հանդարտ է անցնում:

Քվեարկության ընթացքը նորմալ գնահատեց նաև ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սուրեն Օհանյանը: Նա նշեց, որ տվյալ համայնքում ընտրողի գրանցման ժամկետի հետ կապված խնդիր է եղել, սակայն տեղամասային ընտրական հանձնաժողովից թույլատրել են նրան մասնակցել քվեարկությանը: